Quantcast
Channel: iravaban.net
Viewing all 39648 articles
Browse latest View live

44-ամյա կինը ոչ թե հանկարծամահ էր եղել, այլ՝ սպանվել. մեղադրանք է առաջադրվել ամուսնուն

$
0
0

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է, որ Լոռու մարզի 44-ամյա բնակչուհին ոչ թե հանկարծամահ է եղել, այլ դարձել է ընտանեկան բռնության զոհ։

ՔԿ-ից տեղեկացնում են, որ 1972թ. ծնված կնոջ մահվան մասին ահազանգն ստացվել է 2016թ. սեպտեմբերի 9-ի առավոտյան. ամուսինն ահազանգել էր, որ կնոջն առավոտյան մահացած է հայտնաբերել։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական խումբ և նախաձեռնել  անհետձգելի քննչական գործողություններ՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքերը: Կատարվել են դեպքի վայրի, դիակի զննություններ:

Կնոջ մարմնի տարբեր հատվածներում հայտնաբերվել են արյունզեղումներ, և քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով փորձանմուշներ են վերցվել տուժած կնոջից, ինչպես նաև՝ նրա ամուսնուց, և քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել մի շարք փորձաքննություններ։ Ամուսնու նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ ստացված 16.09.2016թ., նրա վրա մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ կամ դեպքի վաղեմությանը համապատասխանող՝ դրանցից մնացած հետքեր չեն հայտնաբերվել:

Քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ կինը դեպքից օրեր առաջ ծեծի է ենթարկվել ամուսնու կողմից և ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով, 44-ամյա մահացած կինը ճանաչվել է տուժող, իսկ վերջինիս հայրը՝ տուժողի իրավահաջորդ։

Ամուսնուն սեպտեմբերին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին և միաժամանակ միջոցներ ձեռնարկվել՝ նրա կողմից Հայաստանի պետական սահմանի  հնարավոր հատումը կանխելու համար։ Արդյունքում՝ սեպտեմբերի 21-ին կանխվել է Բագրատաշենի սահմանային անցակետով նրա՝ ՀՀ պետական սահմանը հատելու փորձը։

Քրեական գործով իրականացվել են մեծածավալ քննչական գործողություններ՝ կնոջ մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Վարույթն իրականացնող մարմինը նոյեմբերի 23-ին ստացել է կնոջ մահվան պատճառը պարզելու ուղղությամբ սեպտեմբերին նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն՝ կնոջ մահվան պատճառ է հանդիսացել մեխանիկական շնչահեղձությունը, որը պայմանավորված է եղել՝ արտաքին շնչառական ուղիներն օտար մարմնով փակելով: Փորձաքննությամբ տուժողի վրա հայտնաբերվել են նաև այլ վնասվածքներ, որոնք պատճառվել են մահվանից կարճ ժամանակ առաջ՝ բութ կոշտ առարկաների ներգործությամբ, ինչպիսին կարող են լինել նաև մարդու ձեռքը, ոտքը:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ նոյեմբերի 24-ին տուժողի ամուսնուն նոր մեղադրանք է առաջադրվել՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և 104-րդ հոդվածի 1-ին մասով։ Նույն օրը քննիչը որոշում է կայացրել միջնորդություն ներկայացնել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net


Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ բաժնային սեփականության ներքո գտնվող գույքի բաժանման և դրանից բաժին առանձնացնելու վերաբերյալ

Ապօրինի հարստացման քրեականացումը առաջին կանխարգելիչ քայլն է. իրավաբան

$
0
0

Կառավարությունը նախորդ շաբաթ հաստատեց ապօրինի հարստացումը քրեականացնելու մասին որոշումը: Ինչպես հայտնել էինք, Քրեական օրենսգրքում կավելացվի 310.1  հոդվածը, որը ապօրինի հարստացման դեպքում որպես պատիժ է սահմանում երեքից վեց տարի ժամկետով ազատազրկումը՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:

Իրավաբան.net-ի հետ զրույցում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության իրավաբան Արկադի Սահակյանը նշեց, որ այս նախագծի ընդունումը արդեն իսկ մեկ քայլ առաջ կարելի է համարել. «Ես կարծում եմ, որ վաղուց պետք է քերականացվեր: Սա ևս մեկ լծակ է, որպեսզի կարողանան  մոնիտորինգ իրականցնել մեր պաշտոնյաների գործունեության հետ վերաբերյալ: Բարձրաստիճան պաշտոնտար անձիք պետք է հիմնավորեն, թե  որտեղից են իրենց այդ դղյակները, մեծ ունեցվածքը: Այս դեպքում մարդիկ զգոն կլինեն, իմանալով, որ նախատեսվում է քրեական պատասխանտվություն ապօրինի հարստացման համար: Սա կլինի առաջին կանխագելիչ քայլը»:

Այս համատեքստում Արկադի Սահակյանը կարևորեց նաև հակակոռուպցիոն անկախ մարմնի ստեղծումը. այս երկու ինստիտուտների ներդրման արդյունքում պետք է բարելավի սոցիալակն վիճակը, բարձր մակարդակի վրա դրվի կրթությունը, զարգանա տնտեսությունը. «Մենք իրավունք չունենք հուսախաբ անելու հասարակությանը»:

Իրավաբան.net

Իրավաբանների հայկական ասոցիացիայի հնարավոր դրամաշնորհային ծրագրի արտաքին ֆինանսական աուդիտի մրցույթ

$
0
0

«Իրավաբանների հայկական ասոցիացիան» հասարակական կազմակերպություն է, որի առաքելությունն է նպաստել Հայաստանում նոր մտածելակերպի, մասնագիտական բարձր կարողությունների և բարոյական նկարագրի տեր կիրթ իրավաբանների սերնդի ձևավորմանը, հասարակությունում իրավական մշակույթի արմատավորմանը և իրավունքի գերակայության հաստատմանը: Ասոցիացիայի խնդիրներն են՝

* Բարձրացնել հասարակության իրավագիտակցության մակարդակը և պաշտպանել մարդու իրավունքները, օրինական շահերը և հիմնարար ազատությունները:
* Բարելավել և զարգացնել իրավաբանական մասնագիտության և էթիկայի նորմերը:
* Նվազեցնել հանրային ծառայություններ մատուցող պետական, այդ թվում արդարադատություն իրականացնող մարմինների գործունեության կոռուպցիոն ռիսկերը, քաղաքացիների հզորեցման, մասնակցային և հասարակական մոնիթորինգային գործընթացների իրականացման միջոցով ապահովել թափանցիկությունն և հաշվետվողականությունը:

Նախատեսվում է, որ 2017 թվականի հունվարից «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ իր գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ Եվրոպական միության հնարավոր ֆինանսական օժանդակությանբ իրականացնելու է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր): Ծրագրի հիմնական նպատակն է բարձրացնել ՔՀԿ-ների ազդեցությունն ու կարողությունները` հանրային քաղաքականությունների մշակման և մոնիթորինգի գործընթացներում, հատկորոշել և վեր հանել հանրային քաղաքականությունների ոլորտային հիմնական խնդիրները և Կառավարություն-ՔՀԿ-ներ կառուցողական երկխոսության ձևաչափով առաջարկել դրանց լուծումները:

Իրավաբանների հայկական ասոցիացիան հայտարարում է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի արտաքին ֆինանսական աուդիտի մրցույթ, որի հաղթողը, ԵՄ համաձայնությամբ, կընդգրկվի ԵՄ հետ կնքվելիք դրամաշնորհային պայմանագրում, որպես ծրագրի արտաքին ֆինանսական աուդիտ իրականացնող, որից հետո այդ կազմակերպության հետ Պատվիրատուն կկնքի ծառայությունների մատուցման պայմանագիր:

Հայտերը կարող են ներկայացվել ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2 հասցեով՝ մինչև 2016 թվականի դեկտեմբերի 5-ը 18:00-ն:

Հրավերը, հայտը, հայտարարությունը և տեխնիկական առաջադրանքը ստորև.
Հրավեր
Հայտ
Հայտարարություն
Տեխնիկական առաջադրանք

Ի՞նչ հետևանքներ է բերել 2002թ. սառնաշունչ ձմեռը

$
0
0

«Ոչ մի կերպ չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր գրում են` «Ուզում եմ շատ ցուրտ ձմեռ լինի»: 2002թ դեկտեմբերին, երբ Արարատյան դաշտում ջերմաստիճանը հասավ մինչև -32 աստիճան, պտղատու ծառատեսակների մեծ մասը չորացան, գոմերում անասունները սատկեցին, կոյուղիները պայթեցին, մարդիկ շաբաթներով խմելու ջուր անգամ չունեին, դուք դա եք ուզում»:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ

$
0
0

Նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց: Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (5 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը` պատասխան գործողությունների դիմելով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Իրավաբան.net

Կեղծիքների ու կաշառքի միջոցով փորձել են խուսափել զորակոչից. կատարված հանցագործության մեխանիզմը մանրամասնում է քննիչը

$
0
0

Տեսանյութը՝ ՀՀ քննչական կոմիտեից

Իրավաբան.net

Դժբախտ ելքով վրաերթ. վարորդը փախուստի է դիմել

$
0
0

Ոստիկանությունից հայտնում են, որ նոյեմբերի 24-ին, ժամը 22-ին, Երևանի Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի թիվ 51/2 տան մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1966 թ. ծնված Լուսիկ Խաչատրյանին, որը տեղում մահացել է: Վարորդը ավտոմեքենայով դեպքի վայրից դիմել է փախուստի: Քննությունը վարում է Երևան քաղաքի քննչական վարչությունը:

Իրավաբան.net

 


Անհետ կորած համարվող 16-ամյա աղջիկը հայտնաբերվել է

$
0
0

Ինչպես ոստիկանությունից տեղեկացրել էին՝ նոյեմբերի 22-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 2000 թ. ծնված Ռուզաննա Մալխասյանը:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 24-ին, ժամը 22-ին, աղջիկը Երևանի Շիրակու փողոցի թիվ 2/Ա հասցեի մոտ հայտնաբերվել և ներկայացվել է բաժին: Նա հայտնել է, որ զբոսնել է Երևան քաղաքի փողոցներում և իր հետ ոչինչ չի պատահել:

Իրավաբան.net

Մարատ Դուրյանը նշանակվել է ՊԵԿ քննչական վարչության պետ

$
0
0

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում նոր նշանակում է կատարվել: ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը քննչական վարչության պետ է նշանակել Մարատ Դուրյանին: Այս մասին տեղեկանում ենք կոմիտեի պաշտոնական կայքէջից:

Իրավաբան.net

Երևանում կայացավ «Կառավարություն –Քաղաքացիական հասարակություն» հակակոռուպցիոն աշխատանքային խմբի ընդլայնված հանդիպումը

$
0
0

2016 թվականի նոյեմբերի 23-ին Երևանի «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցի Միացյալ հանդիպումների սրահում տեղի ունեցավ «Կառավարություն-Քաղաքացիական հասարակություն» հակակոռուպցիոն աշխատանքային խմբի ընդլայնված հանդիպում` «Կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի զարգացում. հակակոռուպցիոն անկախ մարմնի երկու մոդելների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում» թեմայով, որի մամլո հաղորդագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

 Iravaban.net

Նախագահը խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված ՀՀ մակրոտնտեսական զարգացումներին և 2017թ. պետական բյուջեի ծրագրային ցուցանիշներին

$
0
0

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել` նվիրված ՀՀ մակրոտնտեսական զարգացումներին և 2017թ. պետական բյուջեի ծրագրային ցուցանիշներին:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրել է 2016թ. տարեկան սպասողական և մակրոտնտեսական ցուցանիշները, պետական բյուջեի հոսքերը, այդ թվում՝ բյուջետային մուտքերի և ծախսերի սպասողական ցուցանիշները, ծրագրված ցուցանիշներից շեղումները, դրանց բացատրությունները: Ֆինանսների նախարարը ներկայացրել է նաև 2017թ. պետական բյուջեի ծրագրի նախագիծն այս փուլում, ռիսկերը, դրանց կառավարման հնարավոր սցենարները, ինչպես նաև տեղեկատվություն է ներկայացրել 2017թ. պետական բյուջեի ծրագրի նախագծի ԱԺ քննարկումների արդյունքում ստացված առաջարկների մասին:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը, ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

Հանրապետության Նախագահը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունն է հրավիրել տնտեսական աճի խթանմանը, բյուջեի կատարողականի ռիսկերի նվազեցմանն ուղղված որոշակի հարցերի վրա, տվել համապատասխան հանձնարարականներ:

Իրավաբան.net

Մեղադրանք է առաջադրվել 17-ամյա պատանուն՝ Վանաձորում 2 բնակչի դանակահարելու համար

$
0
0

Հ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է Վանաձորի խաղասրահում երկու անձի դանակահարելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող անչափահասը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ  2016 թվականի հունիսի 08-ին «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից  հաղորդում էր ստացվել առ այն, որ «որովայնի ծակած-կտրած թափանցող վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Լոռու մարզի Թումանյան համայնքի  բնակիչ, 1997թ.  ծնված Արշակ Պողոսյանը և Վանաձոր քաղաքի բնակիչ, 1994 թ. ծնված Մերուժան Եղինյանը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։  Իրականացված անհրաժեշտ մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը:

Նախնական քննության տվյալներով՝ տուժողները դեպքի օրը՝  2016 թվականի հունիսի 8-ին, գտնվել են Վանաձոր քաղաքի խաղասրահներից մեկում, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել՝ սեղանի թենիսի գնդակը դիպչելու և այդ կապակցությամբ ներողություն չխնդրելու պատճառով։  Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝  նշված վիճաբանության ժամանակ Վանաձոր քաղաքի անչափահաս բնակիչը սուր ծակող-կտրող գործիքով երկու անգամ հարվածել է Արշակ Պողոսյանին և մեկ անգամ՝ Մերուժան Եղինյանին՝ վերջիններիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս և դիմել փախուստի:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ քննիչը 2016 թվականի հունիսի 14-ին որոշում է կայացրել՝ անչափահասին որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Վերջինս հայտնաբերվել է ՌԴ ՆԳՆ Ստավրոպոլ քաղաքի օդանավակայանի գծային բաժնի իրապահների կողմից և տեղափոխվել Հայաստան։  Նոյեմբերի 25-ին անչափահասին Լոռու մարզային քննչական վարչության քննիչի կողմից մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Ոստիկանությունից կազատվեն 6 ծառայողներ

$
0
0

Նոյեմբերի 25-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Ըստ աղբյուրի՝ նիստին մասնակցում էին ոստիկանության ներքին անվտանգության, հասարակական կարգի ապահովման, իրավաբանական վարչությունների պետերը, ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նիստում քննարկվեցին ոստիկանության 6 ծառայողների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու դրանց վերաբերյալ եզրակացությունները։

Ոստիկանության կարգապահական հանձնաժողովը, պարզելով փաստական հանգամանքները, որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին՝ հիշյալ ծառայողների նկատմամբ կիրառելու «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը:

Իրավաբան.net

Ի՞նչ կարգով անձը կարող է հրաժարվել ժառանգությունից

$
0
0

Ժառանգն իրավունք ունի հրաժարվել ժառանգությունից ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում` ներառյալ այն դեպքում, երբ նա արդեն ընդունել է ժառանգությունը:

Ժառանգությունից հրաժարվելն իրականացվում է ժառանգի կողմից ժառանգության բացման վայրի նոտարին դիմում տալու միջոցով:

Եթե ժառանգը դիմումը նոտարին չի հանձնում անձամբ, ապա ժառանգի ստորագրությունը նման դիմումի տակ պետք է վավերացվի Քաղաքացիական օրենսգրքի 1226 հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով:

Ներկայացուցչի միջոցով ժառանգությունից հրաժարվելը հնարավոր է, եթե լիազորագրում հատուկ նախատեսված է նման լիազորություն:

 Ժառանգությունից հրաժարվելը չի կարող վերացվել կամ հետ կանչվել:

Ժառանգությունից վերապահումներով կամ պայմանով հրաժարվել չի թույլատրվում:

Ժառանգին հասանելիք ժառանգության մասից հրաժարվել չի թույլատրվում:

Եթե ժառանգը ժառանգության է հրավիրվում և´ ըստ կտակի, և´ ըստ օրենքի, ապա նա իրավունք ունի հրաժարվել իրեն հասանելիք ժառանգությունից այդ հիմքերից մեկով կամ երկուսով:

Ժառանգն իրավունք ունի հրաժարվել ավելացման իրավունքով իրեն հասանելիք ժառանգությունից` անկախ ժառանգության մնացած մասը ժառանգելուց:

Ժառանգությունից հրաժարվելու դեպքում ժառանգն իրավունք ունի նշել, որ նա դրանից հրաժարվում է հօգուտ ըստ կտակի կամ ըստ օրենքի ցանկացած հերթի ժառանգների` ներառյալ նրանց, ովքեր ժառանգում են ներկայացվելու իրավունքով:

Հօգուտ այլ անձի չի թույլատրվում հրաժարվել`

1) կտակով ժառանգվող գույքից, եթե ժառանգատուի ամբողջ գույքը կտակված է իր կողմից նշանակված ժառանգներին.

2) ժառանգության պարտադիր բաժնից.

3) եթե ժառանգին նշանակված է ենթաժառանգ:

Իրավաբան.net


Ե՞րբ պետք է տրանսպորտային միջոցները անցնեն տեխնիկական զննություն

$
0
0

ՀՀ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են տեխնիկական զննության:

Տրանսպորտային միջոցի 1-ին տեխնիկական զննությունը կատարվում է նախքան տրանսպորտային միջոցը Ճանապարհային ոստիկանությունում առաջին անգամ հաշվառելը:

Նոր թողարկված (տվյալ տարում արտադրված) տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունը կատարվում է տրանսպորտային միջոցի հաշվառմանը հաջորդող տարում` մինչև հաշվառման կտրոնի վրա նշված (փակցված կամ դակված) ամսվա վերջին օրը: Այդ տրանսպորտային միջոցներին հաշվառման համարանիշի հետ տրվում է հաշվառման կտրոն, որը պետք է փակցվի տեխնիկական զննության կտրոնի համար նախատեսված տեղում:

Տրանսպորտային միջոցի երկրորդ և հետագա տեխնիկական զննությունները կատարվում են հետևյալ պարբերականությամբ.

ա) ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցները` կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրոլեյբուսները, ավտոբուսները և մարդատար-տաքսի ավտոմոբիլները (բացառությամբ մեկ մարդատար տաքսի-ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ իրականացնող ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերին պատկանող մարդատար-տաքսի ավտոմոբիլների)` յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ.

բ) տրանսպորտային միջոցները, դրանց թողարկման տարվան հաջորդող չորրորդ տարին ներառյալ (բացի սույն մասի «ա» կետում նշված տրանսպորտային միջոցներից)` յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ.

գ) տրանսպորտային միջոցները, այդ թվում` մեկ մարդատար տաքսի-ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ իրականացնող ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերին պատկանող մարդատար-տաքսի ավտոմոբիլները, դրանց թողարկման տարվան հաջորդող հինգերորդ տարվանից սկսած, իսկ ինքնաշեն կամ թողարկման տարին չճշտված տրանսպորտային միջոցները (բացի սույն մասի «ա» կետում նշված տրանսպորտային միջոցներից)` յուրաքանչյուր տարին մեկ անգամ:

Տրանսպորտային միջոցը սույն մասի պահանջին համապատասխանող տարում տեխնիկական զննություն պետք է անցնի մինչև նախորդ տեխնիկական զննության արդյունքում տրամադրված կտրոնի վրա նշված ամսվա վերջին օրը:

Տեխնիկական զննությունն իրականացնում են տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության գործունեության լիցենզիա ունեցող կազմակերպությունները, բացառությամբ տրոլեյբուսների, որոնց տեխնիկական զննությունն անցկացնում են դրանք շահագործող կազմակերպությունները:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության և ոստիկանության ծառայողական տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացվում է համապատասխան պետական մարմինների իրավասու ստորաբաժանումներում` պետական մարմինների ղեկավարների հրամանով սահմանված կարգով:

Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության սակագների ձևավորման սկզբունքները և դրանք հաստատող պետական մարմինը սահմանվում են օրենքով:

Լիցենզիայում պետք է նշվի շահագործվող հոսքագծերի քանակը` ելնելով լիցենզիայի գործողության տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցների քանակից: Լիցենզավորված անձը կարող է իր հոսքագծերը տեղակայել իր լիցենզիայի գործողության տարածքի մեկ կամ մի քանի վայրերում: Լիցենզավորված անձն իրավունք չունի իրականացնելու տրանսպորտային միջոցների առուվաճառք, տրանսպորտային միջոցների վերանորոգում, տրանսպորտային միջոցները վարձակալությամբ տալու գործունեություն:

Տեխնիկական զննության արդյունքում շահագործման պահանջներին համապատասխանող տրանսպորտային միջոցի համար զննություն իրականացրած լիցենզավորված անձը տրամադրում է սահմանած նմուշի կտրոն, որը պետք է փակցվի տրանսպորտային միջոցի վրա` վարորդի կողմից առջևի հողմապակու ներքևի աջ անկյունում, բացառությամբ կցորդի (կիսակցորդի), որի տեխնիկական զննության կտրոնը պետք է գտնվի քարշակող տրանսպորտային միջոցի վարորդի մոտ:

Կտրոնը համարվում է խիստ հաշվառման փաստաթուղթ: Կտրոնները լիցենզավորված անձին տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարարության լիազոր մարմինը` հօգուտ պետական բյուջեի գանձելով օրենքով սահմանված պետական տուրք յուրաքանչյուր միավորի համար:

Տրանսպորտային միջոցի տեխնիկական սպասարկման և վերանորոգման նորմերը, կանոնները և ընթացակարգը սահմանում է տրանսպորտային միջոցն արտադրող կազմակերպությունը՝ հաշվի առնելով դրա շահագործման պայմանները:

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով առանձին կարգի տրանսպորտային միջոցներ կահավորվում են կարմիր, կապույտ, դեղին (նարնջագույն), լուսնասպիտակ առկայծող փարոսիկներով:

«Ջրային կառույցներ»-ը 18 000 դոլարով նոր ավտոմեքենա է գնել

$
0
0

«Ջրային կառույցներ» ՓԲ ընկերությունը այս տարի նոր չօգտագործված մեքենա է գնել: Գնման փաստաթղթից Իրավաբան.net-ը տեղեկանում է, որ ընկերությունը նոյեմբերի 15-ին պայմանագիր է կնքել «Տոյոտա-Երևան» ընկերության հետ՝  2016 թվականի արտադրության Toyota Corolla 1.6 ձեռքբերելու համար:

Համաձայն տեխնիկական բնութագրի՝ այս ավտոմեքենան չօգտագործված է, ունի 124 ձիաուժ,  1.6Լ բենզ., շարային 4-գլանային DUAL VVT-i, 7-աստիճան վարիատորային փոխանցումատուփ, 55 լիտր վառելիքի տարողությամբ բաք,  ABS (արգելակման ապաբլոկավորման համակարգ), EBD (արգելակման ուժի բաշխման էլեկտրոնային համակարգ),VSC (հակակողասահքային համակարգ), TRC (անիվների հակատեղապտուտային համակարգ), ղեկի էլեկտրաուժեղարար , կոնդիցիոներ, 8 անվտանգության բարձիկ, բոլոր ապակիների էլ. կառավարում, էլեկտրական կառավարվող և տաքացվող արտաքին հայելիներ, կենտրոնական փական (նաև հեռակարավարմամբ), AM/FM/CD աուդիոհամակարգ` 6 բարձրախոսներով և USB/AUX  մուտքերով, բազմաֆունկցիոնալ ղեկանիվ , Bluetooth համակարգ , լուսարձակների լվացուցիչներ, լուսադիոդային ցերեկային լույսեր, հակամշուշային առջևի և հետևի լուսարձակներ, 205/5516 չափսի անվադողեր` թեթևաձույլ ալյումինե սկավառակներով:new-picture

 Այս մեքենայի համար «Ջրային կառույցներ» ընկերությունը վճարել է 8.74 միլիոն դրամ կամ 18 000 դոլար:

Աստղիկ Կարապետյան

Իրավաբան.net

Ինչպե՞ս է սնունդը մաքսազերծվում և ի՞նչ ռիսկեր կան

$
0
0

Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշել էր, որ ներկայումս բավականին ռիսկային է ներկրվող կենդանական սնունդը: Անդրադառնալով մաքսային մարմինների գործունեությանը, նա ասել էր.

«Ըստ օրենքի, երբ ապրանքը բերվում է ներկրման, նախ պետք է մինչև սահմանին հասնելը, չեզոք գոտում այն զննվի սանիտարիայի և բուսասանիտարիայի մասնագետների կողմից, այնուհետև մաքսային զննում անցնի: Եթե բերվում է խոզի միս մի երկրից, որտեղ կա, օրինակ, Տեշենի հիվանդություն, ապա պետք է մինչև սահմանին հասնելը կանգնենցեն, չթողնեն երկիր մտնի: Եվ հենց այնտեղ այդ ապրանքը ոչնչացնելու միջոցառումները կատարվեն: Բայց մենք այլ կերպ ենք անում. մաքսայինի աշխատակիցներն ասում են՝ մտցրեք տերմինալ անասնաբույժին կանչեք, թող գա, տեսնի: Մենք բերում, մտցնում ենք երկիր,  հետո միայն ստուգում՝ վտանգավոր է, թե՝ չէ: Անասնաբուժական և բուսասանիտարական ծառայությունները չունեն տերմինալներ սահմանին կամ դրա չեզոք գոտում: Իրենք օգտագործում են մաքսային մարմնի տերմինալը, ինչը սխալ պրակտիկա է: Մաքսայինի տերմինալը երկրի ներսում է և այնտեղ պետք է ստուգում անցնի միայն այն ապրանքը, որի անվտանգությունն արդեն հաստատվել է:  Պետք է արտառոց մի բան լինի, որ անասնաբույժը սահմանին պառկի գետնին և ասի՝  չեմ շարժվի, չեմ թողնի ներս բերվի այդ ապրանքը»:

Նա նշել էր նաև, որ իր պրակտիկայում եղել են դեպքեր, երբ ՍԱՊԾ աշխատակիցների վրա ճնշումներ են եղել մաքսային մարմնի կողմից. «Ես անձամբ բոլոր սահմանային կետերը գնացել եմ, մեր տեսուչներին ասել եմ՝ մինչև դուք առաջինը չստուգեք, այլ մեկը չպիտի մոտենա: Մեր մասնագետները շատ արագ կողմնորոշվեցին և կազմակերպեցին աշխատանքը հավուր պատշաճի»:

Այս հարցի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ նաև ՀՀ ՊԵԿ մաքսային վերահսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանից: Վերջինս Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց. «Ցանկացած ապրանք, որի դեպքում պահանջվում է համապատասխան բուսասանիտարական կամ անասնաբուժական հավաստագիր կամ թույլտվություն ՀՀ սահմանը հատելու համար, դա մաքսային կետում տվյալ փաստաթղթի առկայությունը չլինելու դեպքում մաքսային մարմինը չի կարող թույլատրել ապրանքի տեղաշարժը դեպի համապատասխան ժամանակավոր մաքսային պահպանման տարածք՝ հետագա ձևակերպան համար: Իսկ հետագա ձևակերպումը առանց վերջնական փաստաթղթի, որը նույնպես տրամադրում է Սննդի անվտանգության տեչությունը, չի կարող իրականցվել»:

Ի՞նչ վերաբերում է ապրանքը մինչ մաքսային կետ մտցնելը, չեզոք գոտում զննելուն, Գ. Սաղոյանն ասաց. «Չէ, չեզոք գոտում ոչ ոք որևէ գործողություն անել չի կարող, տվյալ տրանսպորտային միջոցը կամ բեռը պետք է անցնի սահմանապահ կետը, որտեղ գոյություն ունի մաքսային հսկողության տարածք, որտեղ բոլոր գործողությունները պետք է իրականցնեն և մաքսային, և համապատասխան մյուս կառույցների աշխատակիցները: Այդ ամբողջը իրականցվում է մաքսային հսկողության տարածքում: Եթե չկա համապատասխան փաստաթուղթ՝ տվյալ ապրանքի ներմուծումը թույլատրելու վերաբերյալ, տվյալ ապրանքը հետ է վերադարձվում համապատասխան երկիր»:

Լուսանկարում ՀՀ ՊԵԿ մաքսային վերահսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյան է:

Իրավաբան.net

Արդյո՞ք պետք է դատապարտյալներին թույլատրել հեռախոսներ ունենալ

$
0
0

Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Ռուբեն Սարգսյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է, թե ինչ վտանգներ կարող են լինել, եթե բոլոր դատապարտյալներին թույլատրվի բջջային հեռախոսներ ունենալ: Միևնույն ժամանակ, նա խոսում է, թե ինչ խնդիրներ են առաջանում այդ արգելքից և ինչ լուծում կարող է առաջարկվել:

Իրավաբան.net

Հայաստանում ավտոճանապարհներն անցանելի են

$
0
0

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Իրավաբան.net

Viewing all 39648 articles
Browse latest View live