Quantcast
Channel: iravaban.net
Viewing all 39725 articles
Browse latest View live

Հայտնի են այն մարդկանց անունները, որոնք զբաղվելու են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմամբ

$
0
0

2020 թվականի հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 1-ին տեղի ունեցան «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների և ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթները։

Մրցույթների արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն են ստացել՝

1. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացված բաց մրցույթի մասնակիցներից հետևյալ անձինք.

Ամիրխանյան Սիրո Հրաչի,
Բարսեղյան Վահագն Կարենի,
Դավթյան Տիգրան Սամվելի,
Ենոքյան Տիգրան Աղվանի,
Մադոյան Աղավնի Սերյոժայի,
Սարգսյան Անի Գևորգի,
Քոչարյան Գևորգ Արմենի:

2. ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացված բաց մրցույթի մասնակից` Սրբուհի Հովհաննեսի Գալյանը:


Կանեմ ամեն ինչ՝ կանխելու մեր երկրում հակառուսական տրամադրությունների ստեղծմանը նպատակաուղղված սադրանքները․ Գագիկ Ծառուկյան

$
0
0

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել․ «Հարգելի՛ հայրենակիցներ, վերջերս Հայաստանում տեղի է ունենում հակառուսական տրամադրությունների արհեստական սրացում, որոնք մեր երկրում ակտիվորեն իրագործվում են հակահայկական և հակապետական ուժերի ակտիվ ջանքերով: Այդ ուժերի վերջնական նպատակակետն է մեր երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերի խզումը:

Որպես օրինակ՝ հարկ է նշել, որ հայ հասարակության մեջ ներմուծվում է այն թեզը, որ անհրաժեշտ է վերանայել Ռուսաստանի հետ ռազմական համաձայնագիրը, ինչը կհանգեցնի ռուսական 102-րդ ռազմական բազայի մեր երկրից դուրս բերմանը: Կարծում եմ՝ բոլորս քաջ գիտակցում ենք, որ սա ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի երազանքն է, որոնք անդադար սպառնում են մեզ պատերազմով և ոչնչացմամբ, այլ նաև պարարարտ հող է ստեղծում ամբողջ տարածաշրջանում առանց այդ էլ փխրուն խաղաղությունը պայթեցնելու համար:

Ուզում եմ միանշանակ փաստել, որ ես՝ որպես Հայաստանի Հանրապետության ամենամեծ ընդդիմադիր քաղաքական ուժի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, որպես քաղաքական գործիչ, որպես քաղաքացի, կանեմ ամեն ինչ՝ կանխելու մեր երկրում հակառուսական տրամադրությունների ստեղծմանը նպատակաուղղված սադրանքները: Վստահ եմ, որ Հայաստանի զարգացման և մեր երկրի անվտանգության ու անկախության ամրապնդման համար մենք պետք է է՛լ ավելի խորացնենք և ամրապնդենք Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները՝ փոխադարձ հարգանքի և եղբայրական դարավոր հարաբերությունների հիման վրա՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ և այլ քաղաքական, տնտեսական, ռազմական ձևաչափերով, որոնք փոխշահավետ կլինեն մեր երկու ժողովուրդների համար:
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս:

Հարգանքներով ՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյան»,-նշել է նա։

Բացահայտվել են Գյումրի քաղաքի սոցիալական աջակցության տարածքային բաժինների աշխատակիցների կողմից նպաստառուներից պարբերաբար ապօրինի վարձատրություն ստանալու դեպքեր. ԱԱԾ

$
0
0

ՀՀԱԱԾ կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որԳյումրի քաղաքի սպասարկող սոցիալական աջակցության տարածքային թիվ 1 և թիվ 2 բաժինների ղեկավարներ Ա.Ե.-ն և Է.Բ.-ն, իրենց ենթակա աշխատակիցների հետ նախնական համաձայնությամբ տարիներ շարունակ անձամբ կամ տարբեր միջնորդների միջոցով սոցիալապես անապահով քաղաքացիներից շորթմամբ պահանջել և ստացել են ապօրինի վարձատրություններ:

2020 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 10։30-ին, տարածքային բաժնի աշխատակից Ա.Հ-ն, սոցիալապես անապահով կամ աջակցության կարիք ունեցող քաղաքացիներից հավաքագրած հերթական 100.000 ՀՀ դրամ գումարը բաժնի պետ Ա.Ե-ին փոխանցելուց անմիջապես հետո հայտնաբերվել և բերման է ենթարկվել: Ա.Ե-ի անձնական խուզարկության արդյունքում հայտնաբերվել է ապօրինի վարձատրության առարկա հանդիսացած 100.000 ՀՀ դրամ գումարը:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2020 թվականի հունիսի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 312.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություննների հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր:

Քրեական գործերով ձեռնարկված լայնածավալ քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ տարիներ շարունակ՝ ընդհուպ մինչև 2020 թվականի հունիսի 30-ը, սոցիալական աջակցության տարածքային բաժինների մի խումբ աշխատակիցներ, նախնական համաձայնությամբ, գործի են դրել նախապես մշակված կոռուպցիոն սխեմա՝ այդ կերպ տիրացել պետության կողմից սոցիալապես անապահով խավին որպես օժանդակություն տրված գումարներին, կամ ապօրինի վարձատրության դիմաց դրանք հատկացրել են կարիքը չունեցող կամ ոչ անապահով ընտանիքներին։

Նախաքննությամբ պարզվել է, որ սոցիալական աջակցության հիշյալ բաժինների աշխատակիցները, յուրաքանչյուր փաստագրման ժամանակ իրենց տարածքային բաժնում հաշվառված նպաստառու ընտանիքներից պահանջել և ստացել են 30,000-60,000-ական ՀՀ դրամ ապօրինի վարձատրություններ, որոնց մի մասը պահել են իրենց, իսկ մյուս մասը փոխանցել են ղեկավարներին:

Նույն կերպ, անապահով քաղաքացիներին սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկելու համար, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողները քաղաքացիներից ստացել են հատկացվելիք 3 ամսվա համար նախատեսված գումարներից մեկ ամսվա 18.000 ՀՀ դրամը, որից 10,000-ը փոխանցել են բաժնի պետին, իսկ 8000-ը պահել են իրենց:

Նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել մի քանի տասնյակ աշխատակիցների բնակարաններում և աշխատասենյակներում, որոնց արդյունքում հայտնաբերվել են սոցիալական աջակցություն ստանալու համար հանրային ծառայողներին ապօրինի վարձատրություններ տրամադրած քաղաքացիների տվյալներ պարունակող ձեռագիր գրառումներով նոթատետրեր, քաղաքացիներից հավաքագրված, ապօրինի վարձատրության առարկա հանդիսացող թղթադրամներ, սոցիալական աջակցություն ստացող անձանց անձնական տվյալներ և հեռախոսահամարներ պարունակող գրառումներ:

Հայտնաբերվել և հարցաքննվել են ապօրինի վարձատրություններ տրամադրած մի շարք քաղաքացիներ, ովքեր ընդունել են ամիսներ կամ տարիներ շարունակ նպաստներ ստանալու կամ համապատասխան աջակցության ծրագրերում ներգրավելու դիմաց սոցիալական աջակցության տարածքային բաժինների ղեկավարներին կամ նրանց աշխատակիցներին ապօրինի վարձատրություններ տալու հանգամանքը, նշել յուրաքանչյուր անգամ տված գումարի չափը:

Ընդ որում, քաղաքացիներն իրենց ցուցմունքներով հայտնել են, որ գումարների հավաքագրումը կրել է մասսայական բնույթ և առանց այդ ապօրինի վարձատրությունների՝ իրենք, նույնիսկ օրինական կարգով, չէին կարող նպաստ ստանալ կամ ընդգրկվել իրենց համար հասանելի սոցիալական աջակցության ծրագրերում:

Նախաքննության ընթացքում հանցանքի կատարման անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են սոցիալական աջակցության տարածքային բաժնի թվով վեց աշխատակիցներ, այդ թվում՝ բաժնի պետը և գլխավոր մասնագետները։ Մեկ տասնյակից ավել աշխատակիցների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Քրեական գործերով որպես կասկածյալ ներգրավված անձանց՝ աշխատակիցների մեծ մասը, անհերքելի փաստական տվյալների ճնշման ներքո, տվել են ինքնախոստովանական ցուցմունքներ և նկարագրել տարիներ շարունակ իրենց տարածքային բաժնում գործադրված կոռուպցիոն մեխանիզմի մանրամասները, ապօրինի վարձատրություններ պահանջած քաղաքացիների անձնական տվյալները, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների ամսական չափը և այդ գումարների տնօրինման ու բաշխման եղանակները:

Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ ու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցանքի կատարմանը ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, ապօրինի վարձատրություններ տրամադրած մյուս քաղաքացիների ինքնությունը ճշտելու, պետությանը պատճառված վնասի իրական չափը պարզելու համար:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում հանրային ծառայողների կողմից ապօրինի վարձատրություններ պահանջելու, ստանալու և այլ ապօրինի գործողությունների դեպքում անհապաղ իրազեկել իրավապահ մարմիններին:

Միաժամանակ հայտնվում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 312.1 հոդվածի համաձայն՝ ապօրինի վարձատրություն տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել ապօրինի վարձատրության շորթում, և անձը մինչև ապօրինի վարձատրություն տալու մասին, քրեական հետապնդման մարմիններին հայտնի դառնալը, բայց հանցանքի կատարումից հետո՝ ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին և աջակցել հանցագործությունը բացահայտելուն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետիոտնային անցումը կվերակառուցվի և կկազմակերպվի արհեստական անհարթության հետ համատեղմամբ․ ոստիկանություն

$
0
0

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների երթևեկության և հետիոտնային շարժի անվտանգության բարձրացման նպատակով Երևան քաղաքի Կ․Ուլնեցու և Է․Հասրաթյան փողոցների խաչմերուկի հատվածում՝ Է․Հասրաթյան փողոցի հետիոտնային անցումը 2020 թ. հուլիսի 3-ին կվերակառուցվի և կկազմակերպվի արհեստական անհարթության հետ համատեղմամբ՝ կահավորված անհրաժեշտ ճանապարհային նշաններով ու գծանշումներով:

Նշված ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը կսահմանվի 40 կմ/ժ։

Տեղի էր ունեցել շփոթմունք․ ԱՆ խոսնակը՝ ճանաչման ու դիերի տեղափոխման մասին

$
0
0

ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բազմաթիվ հարցեր են հնչում` կապված պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարության հետ: Ցիտում եմ այդ հատվածը. «Ինձ պատմեցին, որ մորաքրոջը տարել են հուղարկավորել են, ինքնահողի օրը, մորաքույրը զանգահարել է ու ասել, էս ինչի՞ մի հատ չեք զանգում, հետաքրքրվեք, ես ո՞նց եմ, ո՞նց չեմ»:

Եթե իրապես հետաքրքիր է «դեպքը» բացահայտելը` առաջարկում ենք ներկայացնել կոնկրետ տվյալներ և փաստեր, որպեսզի հնարավոր լինի կատարել ուսումնասիրություններ: Այլապես հայտարարությունը նման է «օդում կախված լուրի»:
Ինչ վերաբերում է նախորդ դեպքին, ապա հանգամանքները պարզվել են: Տեղի էր ունեցել շփոթմունք՝ ճանաչման ու դիերի տեղափոխման գործընթացում։

Ներողություն ենք խնդրում կատարվածի կապակցությամբ և ցավում, որ ընտանիքն առանց այդ էլ դժվարին պահին, նման խնդրի և անհարմարությունների է բախվել»,-նշել է նա:

Հայաստանում առաջին անգամ կատարվել է պետական պաշտոնի նշանակման ենթակա թեկնածուների բարեվարքության ուսումնասիրություն. վարչապետ

$
0
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ: 

Օրակարգի առաջին հարցով ներկայացվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության  և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագրով 2019թ. և 2020թ. 1-ին եռամսյակում կատարման ենթակա միջոցառումների իրականացման վերաբերյալ զեկույցը:  Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ 2019թ. միջոցառումների կատարման վերաբերյալ հաշվետվությունը 2020թ. փետրվարից հրապարակվել է նախարարության պաշտոնական կայքէջում. 22 միջոցառումից ամբողջությամբ կատարված է 10-ը, մասնակի՝ 12-ը, չկատարված միջոցառում չկա: Կարևոր ձեռքբերումների շարքում նախարարը նշել է՝ 

  • 2019թ. նոյեմբերին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորումը: Հանձնաժողովը սահմանել է դատավորների թեկնածուների հավակնորդների, ՍԴ դատավորների, ԲԴԽ անդամների թեկնածուների, պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց, ինչպես նաև օրենքով սահմանված այլ անձանց բարեվարքության ստուգման կարգավորումները, ձևավորվել են համապատասխան օրենսդրական հենքերը, ներկայում իրականացվում է դրանց կիրարկման գործընթացը:
  • Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման կառուցակարգերի օրենքով սահմանումը: Արդեն ավարտին է հասցվել դատախազների թեկնածուների ընտրության փուլը, ովքեր հաջորդ շաբաթվանից կվերապատրաստվեն Արդարադատության ակադեմիայում, և Գլխավոր դատախազության համապատասխան ստորաբաժանումն այս տարվա սեպտեմբերից արդեն կգործի:
  • Կոռուպցիայի քրեականացման առումով՝ Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի նախագծերում իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության կառուցակարգերի նախատեսումը:

Ռ. Բադասյանը նշել է, որ միջոցառումների մի մասը՝ վարքագծի կանոնների սահմանում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին առնչվող ենթաօրենսդրական ակտերի ընդունում և այլն, կատարվել  է մասնակի, քանի որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուշ ձևավորման և ռազմավարությամբ նախանշված իրավական ակտերը մշակվել են, բայց դեռևս չեն հաստատվել: Նախարարը նշել է նաև, որ Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքի նախագիծը հաջորդ շաբաթ կներկայացվի Վարչապետի աշխատակազմ, իսկ Հակակոռուպցիոն դատարանների մասին օրենքը քննարկվում է շահագրգիռ միջազգային կազմակերպությունների հետ, որից հետո կներկայացվի հանրային քննարկման: Ինչ վերաբերում է 2020թ. առաջին կիսամյակում կատարման ենթակա միջոցառումներին, ներկայում հավաքվում են բոլոր պետական մարմինների կողմից կատարված աշխատանքների միջանկյալ արդյունքները, որոնք հուլիսի սկզբին կհրապարակվեն ԱՆ և Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կայքէջերում:

Վարչապետը հետաքրքրվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման կառուցակարգերի ներդրման շրջանակում բարեվարքության ուսումնասիրության գործընթացով: Ի պատասխան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը նշել է, որ 2020թ. հունիսին բարեվարքության մեթոդաբանության հիման վրա Հանձնաժողովն իրականացրել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների և ՀՀ գլխավոր դատախազի՝ այդ ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց բարեվարքության ստուգում, և ներկայացրել է 26 թեկնածուի բարեվարքության վերաբերյալ եզրակացություն, որից 2-ը եղել է բացասական, 11-ը՝ դրական վերապահումով, իսկ 13-ը՝ դրական։ Շահագրգիռ կառույցների ղեկավարների խոսքով՝ գործընթացն արդյունավետ ընթացք է ունեցել, միաժամանակ շարունակվում է դրա բարելավման ուղղությամբ աշխատանքը: 

Նիկոլ Փաշինյանը նշել է՝ մեր երկրում առաջին անգամ է պետական պաշտոնի նշանակման ենթակա անձանց/թեկնածուների բարեվարքության ուսումնասիրություն իրականացվում, որը կոռուպցիայի դեմ պայքարի կարևոր բաղադրիչ է: Վարչապետն ընդգծել է, որ հակակոռուպցիոն ուղղությունն արտացոլում է կառավարության քաղաքական կամքը, և նախատեսված միջոցառումների լիարժեք իրականացման համար տրամադրվելու են անհրաժեշտ բոլոր միջոցները: Կառավարության ղեկավարն առաջարկել է լայն իրազեկման միջոցով հանրությանը մանրամասն տեղեկացնել հակակոռուպցիոն բարեփոխումների ընթացքի մասին:

Հաջորդիվ Ռ. Բադասյանը մանրամասներ է ներկայացրել գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման համակարգի կատարելագործման, ծախսերի հայտարարագրման համակարգի ներդրման օրենսդրական փաթեթի վերաբերյալ, որը 2020թ. մարտի 25-ին ԱԺ ընդունած հայտարարագրման համակարգին վերաբերող կառուցակարգերի շարունակությունն է: Մասնավորապես, առաջարկվում է  ներդնել ծախսերի հայտարարագրման ինստիտուտ, հայտարարագրման ենթակա գույք սահմանել նաև հայտարարատուի կողմից փաստացի տիրապետվող գույքը, ձևավորել հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականությունների դադարեցումից հետո կոռուպցիոն ռիսկերի վերահսկման մեխանիզմ, նվազեցնել թանկարժեք գույքի դրամական շեմը, ընդլայնել հայտարարատուների շրջանակը և մի շարք այլ փոփոխություններ: 

Մտքերի փոխանակության ընթացքում առաջարկվող կարգավորումները դարձել են քննարկման առարկա, խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումները ծախսերի տեսակների, սահմանաչափերի, թանկարժեք գույքի դրամական շեմի և մյուս հարցերի առնչությամբ: Ընդգծվել է համակարգի կատարելագործմանը միտված շարունակական քայլերի կարևորությունը: 

Վարչապետը նշել է, որ հայտարարագրման գործուն համակարգի ներդրումը թափանցիկության և հաշվետվողականության ապահովման կարևոր գործիքներից է, և պետք է հետևողական առաջ գնալ այս ճանապարհով:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը ներկայացրել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները: Նա նշել է, որ կատարելագործվել է գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման համակարգը՝ հաստատվել է հայտարարագրի նոր ձևանմուշը, հաստատվել են հայտարարագրերի ուսումնասիրության և վերլուծության  մեթոդաբանությունը, ընտրանքի չափանիշները, ընդլայնվել է հայտարարատու հանդիսացող անձանց շրջանակը, հայտարարագիր է ներկայացրել 3568 պաշտոնատար անձ և այլն: Մշակվել են՝ պետական պաշտոններում նշանակման ենթակա  անձանց, դատավորների և դատավորների թեկնածուների, դատախազների և դատախազների թեկնածուների, քննիչների բարեվարքության ստուգման մեթոդաբանությունը, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված՝ հանրային ծառայողի և քաղաքացիական ծառայողի վարքագծի կանոնները, պետական կառավարման համակարգում կոռուպցիոն ռիսկերի գնահատման համապարփակ մեթոդաբանությունը։ Իրականացվել են Հանձնաժողովի ինստիտուցիոնալ կայացման աշխատանքներ՝ գործունեության քառամյա ծրագրի մշակում, աշխատակազմի  ձևավորում և այլն:

Օրակարգի շրջանակում «Իրազեկ քաղաքացիների միավորում» (ԻՔՄ) ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն անդրադարձել է քաղաքական կոռուպցիայի կանխարգելման, այդ թվում՝ քաղաքական և լրատվական գործունեության ֆինանսավորման թափանցիկության հարցերին: Նա ներկայացրել է այս նպատակով ԻՔՄ իրականացրած ուսումնասիրության արդյունքները՝ զանգվածային լրատվության, կուսակցությունների, ընտրական մեխանիզմների ոլորտներում իրավիճակի, առաջարկվող կարգավորումների և գործիքակազմի վերաբերյալ: 

Թեմայի առնչությամբ ծավալվել է շահագրգիռ քննարկում: Ֆինանսական թափանցիկության և հաշվետվողականության համատեքստում կարևորվել է իրական սեփականատերերի բացահայտման մեխանիզմների ներդրումը: Կառավարության և ԱԺ ներկայացուցիչներն անդրադարձել են վերոնշյալ ոլորտների բարեփոխումների շրջանակում տարվող աշխատանքներին: Վարչապետը հորդորել է Դ. Իոաննիսյանին առաջարկները ձևակերպել և ներկայացնել Արդարադատության նախարարություն՝ հետագա քննարկման համար:

Նիստում ներկայացվել են նաև առաջիկա նիստերում հանրային կառավարման բարեփոխումներին, ներդրումային քաղաքականության հակակոռուպցիոն մեխանիզմներին և այլ թեմաների անդրադառնալու առաջարկներ:

ՊԵԿ նորանշանակ նախագահը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օնիրա Քլաբ»-ի նկատմամբ կիրառել է նախազգուշացում

$
0
0

«Օնիրա Քլաբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը կատարել է հաշվետվությունների ներկայացման կարգ խախտում՝ 2020թ-ի ապրիլ ամսվա համար ֆինանսական հոսքերի մասին ամսական հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին է ներկայացվել սահմանված ժամկետից ուշ՝ 21.05.2020թ-ին։

Հունիսի 17-ին ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հրաման է ստորագրել, որով հրամայել է սահմանված պահանջը խախտելու համար «Օնիրա Քլաբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ, որպես պատասխանատվության միջոց, կիրառել նախազգուշացում։

«Սահմանել 15-օրյա ժամկետ ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու համար, որի կատարումը պարտադիր է»,-նշված է հրամանում։

Նշենք, որ «Օնիրա Քլաբ»-ը պատկանում է Գագիկ Ծառուկյանին։ Այս մասին նշված է նրա գույքի և եկամուտների հայտարարագրում։

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ «Օնիրա Քլաբ» ՍՊ ընկերության իրավասու անձինք, գիտակցելով 2013 թվականի դեկտեմբերի 28-ին ընդունված «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերության «ա», «բ», «գ» ենթակետերի ուժով 2014 թվականի հունվարի 1-ից հետո խաղատուն և /կամ/ շահումով մեքենայացված խաղ և /կամ/ անմիջականորեն /խաղասրահի միջոցով/ ինտերնետ շահումով խաղ բացառապես կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված հեռավորությամբ՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Սևան, Սյունիքի մարզի Մեղրի համայնքների վարչական սահմաններում, Երևան քաղաքի «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում կազմակերպելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված վայրերում և չափանիշներին համապատասխան գործունեություն իրականացնելու հնարավորության հանգամանքի մասին, արտոնյալ պայմաններով գործունեությունը նույն վայրում շարունակելու, շահումով խաղերի բնագավառում մենաշնորհային դիրք զբաղեցնելու և ՀՀ կառավարությանը խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ, թաքցնելով իրական փաստերը, խաբեության եղանակով՝ մինչ այդ «Օնիրա Քլաբ» ՍՊ ընկերության և նրա հիմնադիրների ու մասնակիցների կողմից կառուցված և 2011թ. հունվարի 19-ին ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում պետական գրանցում ստացած ընդհանուր 13.3770 հա մակերեսով ժամանցի վայրերը, ինչպես նաև արդեն իսկ գործող «Շանգրի Լա» խաղատունը, ներկայացնելով որպես վերը նշված ծրագրի շրջանակներում 61.146.139.340 մլրդ ՀՀ դրամի ներդրման արդյունքում կառուցված շինություններ և 500 աշխատատեղով բացված ժամանցի վայրեր, մոլորության մեջ են գցել պատկան մարմիններին, ինչի արդյունքում ծրագիրն ստացել է ՀՀ կառավարության հավանությունը և 2013 թ. դեկտեմբերի 26-ի 1477-Ա որոշմամբ թույլատրվել է նույն վայրում շարունակել գործունեությունը, որի հետևանքով պետությունը զրկվել է փաստացի առանձնապես խոշոր չափերի՝ 40 միլիարդ ՀՀ դրամի չափով ներդրում ստանալու հնարավորությունից:

Այնուհետև, «Օնիրա Քլաբ» ՍՊ ընկերության իրավասու անձինք, օգտվելով խաբեության արդյունքում ՀՀ կառավարության կողմից ընձեռնված հնարավորությունից, 2013 թ. դեկտեմբերի 27-ին ստացել են ՀՀ Կոտայքի մարզի գյուղ Վերին Պտղնի, Երևան-Աբովյան խճուղի թիվ 5 հասցեում գտնվող հանգստի և ժամանցի կենտրոնում, շահումով խաղերի, խաղատների գործունեություն իրականացնելու վերաբերյալ ԽՏ-001 լիցենզիան, որից հետո, անտեսելով շահումով խաղերի, խաղատների գործունեությունը խաղատան կամ շահումով խաղերի կազմակերպման գործունեությունը միայն լիցենզիայում նշված վայրում /հասցեում/ կազմակերպելու մասին «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի պահանջները, խախտելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 14-րդ կետի 14.3. ենթակետի, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի պահանջները, առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու դիտավորությամբ նույն տարածքի մեկ այլ վայրում, ստացված լիցենզիայի անվան տակ՝ առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի), 2014 թվականից 2020 թվականներն ընկած ժամանակահատվածում իրականացրել են խաղատան և շահումով խաղերի կազմակերպման լիցենզավորման ենթակա գործունեություն, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 29.750.000.000 ՀՀ դրամի վնաս:

Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2020 թվականի հունիսի 13-ին ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ՝ հանցավոր սխեմայում ներգրավված անձանց շրջանակը պարզելու, նրանց արարքին քրեաիրավական գնահատական տալու, ինչպես նաև պետությանը պատճառված վնասը հատուցելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գաղտնալսել են փաստաբանի և վստահորդի միջև խոսակցությունը․ ՓՊ հայտարարությունը

$
0
0

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը (համակարգող՝ Գևորգ Մկրտչյանի և անդամներ՝ Արմինե Ֆանյանի, Դիանա Շախրամանյանի, Էմին Բեգլարյանի կազմով), ուսումնասիրելով փաստաբան Վաչե Դավթյանի կողմից ներկայացված դիմումը՝ իր և իր վստահորդի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսելու վերաբերյալ, պարզել է, որ․

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված Արսեն Մկրտչյանի հեռախոսային խոսակցությունների օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում գաղտնալվսել է, վերջինիս և փաստաբան Վաչե Դավթյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունը։

Հեռախոսային խոսակցության ընթացքում Արսեն Մկրտչյանը փաստաբան Վաչե Դավթյանից ստացել է իրավաբանական խորհրդատվություն։

Այնուհետև, Հայաստանի Հանրապետության ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով ՀԿԳ ավագ քննիչ Գ.Խալաթյանը (այսուհետ, նաև՝ քննիչ Խալաթյան) զննել է այդ խոսակցությունը, այն արտացոլել է համապատասխան արձանագրության մեջ և կցել է քրեական գործի նյութերին։

Նշված զննության արձանագրությունը կցվել է քրեական գործով մեղադրայլի կարգավիճակ ստացած Արսեն Մկրտչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությանը, իսկ հիշյալ միջնորդությանը քննարկման համար հրավիրված դատական նիստի ընթացքում քննիչ Խալաթյանը հղում է կատարել այդ արձանագրությանը՝ ի թիվս այլ փաստաթղթերի դրանով հիմնավորելով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտությունը։

Քրեական գործը նախաքննությունը շարունակելու համար հանձնվել է ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչություն և ընդունվել է նույն վարչության ՀԿԳ քննիչ Սարգիս Մարգարյանի (այսուհետ, նաև՝ քննիչ Մարգարյան) վարույթ։

Փաստաբան Վաչե Դավթյանը քննիչ Մարգարյանին միջնորդություն է ներկայացրել՝ իր և վտահորդի միջև հեռախոսային խոսակցությունը կամ խոսակցություններն անհապաղ վերացնելու մասին։

Մինչդեռ, քննիչ Մարգարյանի կողմից մերժվել է փաստաբանի միջնորդությունը՝ փաստաբանական գաղտնիք պարունակող այդ հեռախոսային խոսակցությունն անհապաղ ոչնչացնելու վերաբերյալ, պատճառաբանվելով, որ այդ հեռախոսային խոսակցության բովանդակությունից և բնույթից ակնհայտ է, որ այն չի պարունակում այնպիսի տվյալներ, որոնք կարող են հանդիսանալ փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկություններ։

Հանձնաժողովը, վկայակոչելով միջազգային և ներպետական իրավակարգավորումները, ինչպես նաև ձևավորված միջազգային դատական պրակտիկան,

         ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, որ Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ի կողմից իրականացված հեռախոսային խոսակցությունների վերահսկման ընթացքում փաստաբան Վաչե Դավթյանի և իր վստահորդի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը, ինչպես նաև հետագայում այն ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ Գ.Խալաթյանի կողմից զննելը, համապատասխան արձանագրության մեջ արտացոլելը և քրեական գործին կցելը, ինչպես նաև փաստաբան Վաչե Դավթյանի վստահորդի դեմ օգտագործելը, իսկ ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչություն ՀԿԳ քննիչ Սարգիս Մարգարյանի կողմից այն անհապաղ ոչնչացնելուց հրաժարվելը խախտում է փաստաբանական գաղտնիքի վերաբերյալ ներպետական և միջազգային իրավակարգավորումները:

–   ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է   ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ Գ. Խալաթյանի և ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչություն ՀԿԳ քննիչ Սարգիս Մարգարյանի կողմից փաստաբանական գաղտնիքը խախտող գործողությունները:

–         ՀՈՐԴՈՐՈՒՄ Է  իրավասու ՀՀ պետական մարմիններին ու պաշտոնատար անձանց՝ փաստաբանի և, վերջինիս վստահորդի միջև հեռախոսային կամ կապի այլ միջոցներով տարվող խոսակցությունների լսման և ձայնագրառման նյութերն անհապաղ ոչնչացնել։

Բեռնել՝ Հանձնաժողովի հայտարարությունը:


Փաստաբան Նորայր Նորիկյանը վարակվել է կորոնավիրուսով

$
0
0

Փաստաբան Նորայր Նորիկյանը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Նորիկյանը։

«Հարգելի՛ բարեկամներ

Երեկ հանձնել եմ նոր կորոնովիրուսային /COVID-19/ վարակի նկատմամբ լաբորատոր հետազոտություն:

Այսօր հայտնվել է, որ արդյունքը դրական է:

Թեեւ տատանումներով արձանագրվում է ջերմություն, սակայն ընդհանուր ինքնազգացողությունս այս պահին լավ է:

Արդեն իսկ ձեռնարկել ենք հնարավոր բոլոր միջոցները՝ այս չարիքը հաղթահարելու համար:

Բնականաբար, սահմանված կարգով կդադարեցնեմ բոլոր տեսակի մարդկային շփումները, իսկ աշխատանքային խնդիրները կփորձենք հնարավորության սահմաններում կարգավորել էլեկտրոնային հաղորդակցության միջոցով:

Ձեզ առողջություն եմ ցանկանում, պահպանեք զգոնություն Ձեր եւ Ձեր հարազատների առողջության ապահովման համար:

Առողջանալուց հետո խոստանում եմ խոսել այս հիվանդության պատմության, բուժման ընթացքի եւ առողջապահական համակարգի համարժեք պատրաստվածության մասին»,- գրել է նա։

Տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք ստանալու կարգը փոխվել է․ ՃՈ

$
0
0

Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«Հարգելի՛ քաղաքացիներ

կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված քաղաքացիների և ոստիկանության ծառայողների համար անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ ապահովելու, ինչպես նաև արագ և արդյունավետ սպասարկում իրականացնելու նպատակով ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ այսուհետ Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնում տրանսպորտային միջոցի նկատմամբ գրավի իրավունք գրանցելու և տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք ստանալու նպատակով անհրաժեշտ է Ձեր դիմումներն առցանց ուղարկել yerevani.hqb.grav@roadpolice.am էլեկտրոնային փոստով»,-նշել է նա։

Արցախի նախագահը նախաձեռնել է համաներման և ներման առանձին գործընթացներ

$
0
0

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ հաշվի առնելով համավարակային ստեղծված իրավիճակը և օգտվելով Արցախի Հանրապետության նախագահին Սահմանադրությամբ վերապահված իրավունքից՝ նախաձեռնել է համաներման և ներման առանձին գործընթացներ:

«Համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը շուտով ներկայացնելու եմ Ազգային ժողով՝ առաջարկելով այն տարածել մինչև հուլիսի 1-ը ներառյալ որոշ հանցագործություններ կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց վրա:

Հ.Գ. Այս մարդասիրական քայլի շուրջ քննարկումները սկսեցինք ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի և ոստիկանապետի հետ հունիսի 13-ին քրեակատարողական հիմնարկ այցելելուց հետո»:

Ի՞նչ պատիժ է նախատեսված անձին վիրավորելու կամ զրպարտելու համար

$
0
0

Անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ: Այս մասին է նշվում Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում։

Օրենսգրքի իմաստով` վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է, իսկ հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով:

Զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:

Զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը: Այն փոխանցվում է հայցվորին, եթե ապացուցման պարտականությունը պատասխանողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ կամ ջանքեր, մինչդեռ հայցվորը տիրապետում է անհրաժեշտ ապացույցներին:

Փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե`

1) դրանք տեղ են գտել մինչդատական կամ դատական վարույթի ընթացքում վարույթի մասնակցի կողմից քննվող գործի հանգամանքների վերաբերյալ կատարված արտահայտությունում կամ ներկայացրած ապացույցներում.

2) դա տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ պայմանավորված է գերակա հանրային շահով, և եթե փաստացի տվյալները հրապարակայնորեն ներկայացրած անձն ապացուցի, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ` պարզելու դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը, ինչպես նաև հավասարակշռված և բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները.

3) այն բխում է զրպարտության ենթարկված անձի կամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթից կամ պատասխանից կամ նրանցից ելնող փաստաթղթից:

Անձն ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից, եթե իր արտահայտած կամ ներկայացրած փաստացի տվյալները լրատվական գործակալության տարածած տեղեկատվության, ինչպես նաև այլ անձի հրապարակային ելույթի, պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որևէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են, և դա տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին):

Վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`

1) հրապարակայնորեն ներողություն խնդրել: Ներողություն խնդրելու ձևը սահմանում է դատարանը.

2) եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը: Հրապարակման եղանակը և ծավալը սահմանում է դատարանը.

3) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:

Զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`

1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը: Հերքման ձևը և պատասխանը հաստատում է դատարանը` ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.

2) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:

Եթե վիրավորելիս կամ զրպարտելիս հղում չի կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին), կամ տեղեկատվության աղբյուրը (հեղինակը) հայտնի չէ, կամ լրատվական գործունեություն իրականացնողը, օգտվելով տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իր իրավունքից, չի հայտնում հեղինակի անունը, ապա փոխհատուցման պարտավորությունը կրում է վիրավորանքը կամ զրպարտությունը հրապարակային ներկայացնողը, իսկ եթե այն ներկայացվել է լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվական գործունեություն իրականացնողը:

Անձը չի կարող դատական հայց ներկայացնել վիրավորանքի կամ զրպարտության համար, եթե նա մինչև դատարան դիմելը «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պահանջել է հերքում և (կամ) իր պատասխանի հրապարակում, և լրատվական գործունեություն իրականացնողը կատարել է այդ պահանջը:

Վիրավորանքի կամ զրպարտության համար փոխհատուցման չափը սահմանելիս դատարանը հաշվի է առնում կոնկրետ գործի առանձնահատկությունները, ներառյալ`

1) վիրավորանքի կամ զրպարտության եղանակը և տարածման շրջանակը.

2) վիրավորողի կամ զրպարտողի գույքային դրությունը:

Փոխհատուցման չափը սահմանելիս դատարանը չպետք է հաշվի առնի վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով պատճառված գույքային վնասը:

Անձն իրավունք ունի իրեն վիրավորանք հասցրած կամ զրպարտած անձից դատական կարգով պահանջելու վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով իրեն պատճառված գույքային վնասները, ներառյալ` ողջամիտ դատական ծախսերը և խախտված իրավունքների վերականգնման համար իր կատարած ողջամիտ ծախսերը:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր․ ԱԻՆ

$
0
0

Արտաքին իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր:

Խորհուրդ է տրվում այս օրերին ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ճառագայթներից:

ԱԻՆ-ը նշում է նաև, որ հուլիսի 3-ի օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում հնարավոր է ամպրոպ, կա անձրևի փոքր հավանականություն, 4-5-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանում՝ հուլիսի 3-ի ցերեկը, 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 4-5-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա անձրևի փոքր հավանականություն: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 17-19 մ/վ:

Միացյալ Նահանգները 1 միլիոն դոլարի աջակցություն է տրամադրում Հայաստանի Հանրապետությանը՝ պայքարելու կոռուպցիայի դեմ

$
0
0

Հունիսի 23-ին առցանց ձևաչափով տեղի ունեցած միջոցառմամբ մեկնարկեց «Տեխնիկական օժանդակություն Հայաստանի Հաշվեքննիչ Պալատին» եռամյա ծրագիրը։

Միացյալ Նահանգների կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, միջգերատեսչական պայմանագիր ստորագրեց ԱՄՆ կառավարության Հաշվեքննիչ Գրասենյակի (GAO) Աուդիտի գերազանցության կենտրոնի հետ՝ Հայաստանի Հանրապետության աուդիտի բարձրագույն մարմնին՝ ՀՀ Հաշվեքննիչ Պալատին տեխնիկական օժանդակությամբ, խորհրդատվությամբ և վերապատրաստման դասընթացներով ապահովելու մասին։ Այս ծրագրի միջոցով ԱՄՆ կառավարության Հաշվեքննիչ Գրասենյակը կաջակցի իրագործել Հաշվեքննիչ Պալատի մասին ՀՀ 2018թ․ օրենքի պահանջները՝ ուղղորդելով ընդունելու և պահպանելու աուդիտի միջազգային չափանիշերը։

Միացյալ Նահանգների գլխավոր հաշվեքննող և ԱՄՆ կառավարության Հաշվեքննիչ գրասենյակի ղեկավար Ջին Դոդարոն և ԱՄՆ ՄԶԳ-ի գլխավոր ֆինանսական տնօրեն՝ Ռեջինալդ Վ. Միթչելը, որոնք COVID-19 ճգնաժամից առաջ նախատեսում էին այցելել Հայաստան, տեսակապով միացան ՀՀ Հաշվեքննիչ Պալատի նախագահ Լևոն Յոլյանին, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերին՝ նշելու ծրագրի մեկնարկը։

«Այսօր մենք նշում ենք Աուդիտի կենտրոնի համար ևս մեկ նշանակալի ձեռքբերում՝ ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համաձայնագիրը՝ ուղղված Հայաստանի Հաշվեքննիչ Պալատի կարողությունների զարգացմանը: Մենք ակնկալում ենք հաջող գործընկերություն՝ աջակցելու Հաշվեքննիչ Պալատին անդրադառնալ վեր հանված հիմնական խնդիրներին և բարելավումներ կատարել` ամրապնդելով ինստիտուցիոնալ քաղաքականությունները և այլ կարևոր ընթացակարգեր, – նշեց Միացյալ Նահանգների Գլխավոր Հաշվեքննող Ջին Դոդարոն:

Սա ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի երկրորդ միջգերատեսչական պայմանագիրն է ԱՄՆ Կառավարության Հաշվեքննիչ գրասենյակի աուդիտի գերազանցության կենտրոնի հետ: Նախորդ համաձայնագրով GAO-ն ՀՀ Հաշվեքննիչ պալատում իրականացրել է կարիքների գնահատում ՝ վերջինիս ուժեղ և թույլ կողմերը վեր հանելու նպատակով: Այս ծրագրով նախատեսված օրակարգը հիմնված է կարիքների գնահատման արդյունքում արված առաջարկությունների վրա և համահունչ է ՀՀ Կառավարության՝ Պետական ֆինանսների կառավարման բարեփոխումների ռազմավարությանը:

«Հաշվեքննիչ Պալատն առանցքային դերակատարում ունի պետական հաստատությունների հաշվետվողականության, թափանցիկության և բարեվարքության ամրապնդման առումով: Այս նոր ծրագիրը ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի ջանքերի՝ ԱՄՆ Կառավարության կողմից տրամադրվող ընդհանուր աջակցության մաս է կազմում: Ծրագիրն իրականացնելու է ԱՄՆ կառավարության Հաշվեքննիչ Գրասենյակը (GAO), որը համարվում է «ոսկե ստանդարտ» աուդիտի բարձրագույն բոլոր մարմինների համար», – նշեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լինն Մ․ Թրեյսին:

«Մենք ակնկալում ենք շարունակել այս բարձր մակարդակի միջգերատեսչական համագործակցությունը` ի աջակցություն ՀՀ Հաշվեքննիչ Պալատի: Հատկապես Հայաստանի նոր, հետհեղափոխական կառավարության համար ուժեղ բարձրագույն աուդիտորական հաստատությունը շատ կարևոր կլինի Հայաստանի ժողովրդավարական կառավարման համար», – ասաց ԱՄՆ ՄԶԳ-ի գլխավոր ֆինանսական տնօրեն՝ Ռեջինալդ Վ. Միթչելը։

Ուժեղ և անկախ աուդիտի բարձրագույն մարմինը խիստ կարևոր դեր է կատարում՝ ձևավորելով քաղաքացիների վստահությունը պետական հաստատությունների նկատմամբ։ Այն երաշխավորում է հանրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը՝ միտված կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ներդրված գումարի դիմաց առավելագույն արժեքի ապահովմանը և արդյունքների իրականացմանը։

«Որպես Հայաստանի Հանրապետության Հաշվեքննիչ Պալատի ղեկավար՝ ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել մեր ամերիկացի գործընկերներին՝ Հայաստանի Հաշվեքննիչ Պալատի զարգացման գործում իրենց արժեքավոր աջակցությունը ցուցաբերելու համար՝ հատկապես նկատի ունենալով համավարակի այս շրջանը: Մենք անելու ենք առավելագույնը, որպեսզի արդյունքում ունենանք ավելի ազդեցիկ հաշվեքննիչ մարմին» – ասաց ՀՀ Հաշվեքննիչ Պալատի նախագահ Լևոն Յոլյանը:

Լեգենդար արտիստի ծննդյան տարեդարձի կապակցությամբ այցելել եմ Պանթեոն․ Հայկ Մարության

$
0
0

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․ «Լեգենդար արտիստի ծննդյան տարեդարձի կապակցությամբ այցելել եմ Պանթեոն»:


Համավարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով ԲԴԽ պահուստային ֆոնդից հատկացվել է 14 միլիոն 740 հազար դրամ 

$
0
0

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ներկայացնում է համառոտ տեղեկատվություն երկրում կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ։

Բարձրագույն դատական խորհրդի կողմից 24.03.2020 թվականին ընդունվել է «Պարետի 2020 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» թիվ 15 որոշման կատարումն ապահովող միջոցառումների մասին» թիվ ԲԴԽ-12-Ո-25 որոշումը:

Այնուհետև, կորոնավիրուսի համավարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի միջոցներից հատկացվել է 14.740.000 (տասնչորս միլիոն յոթ հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ գումար, որից մինչ օրս ծախսվել է ընդամենը 12.942.128 (տասներկու միլիոն ինը հարյուր քառասուներկու հազար հարյուր քսանութ) ՀՀ դրամ գումար։ Նշված գումարով ձեռք են բերվել ախտահանիչ հեղուկ նյութեր՝ 1195 լիտր, ձեռնոցներ՝ 16.300 զույգ, դիմակներ՝ 50.000 հատ, ջերմաչափեր՝ 55 հատ, փակվող աղբամաններ՝ 50 հատ, ինչպես նաև ջերմային աերոզոլային գեներատորներով և ախտահանիչ նյութերով վարչական շենքերի և հարակից տարածքների ախտահանման ծառայություններ։

Ձեռք բերված ապրանքները բաշխվել են ՀՀ բոլոր դատարաններին, իսկ ջերմային աերոզոլային գեներատորներով և ախտահանիչ նյութերով ախտահանվել են Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ բոլոր դատարանների վարչական շենքերը, որոնք ներառել են դրանց նստավայրերի սպասարկման սրահները, միջանցքները, դատական նիստերի դահլիճները, դատավորների և վերջիններիս աշխատակազմերի աշխատասենյակները, կալանավորների ժամանակավոր պահման խցերը, պատերը, դռները և դատարանների հարակից տարածքները։

Միաժամանակ, հարկ է նշել, որ Դատական դեպարտամենտի կողմից իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ Պարետի՝ 2020 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63 որոշման հավելվածներով սահմանված անվտանգության կանոնները պահպանելու նպատակով։

Մասնավորապես՝ աշխատատեղերը կահավորվել են փակվող աղբամաններով, դատական կարգադրիչների ծառայության միջոցով ապահովվում է ինչպես աշխատողների, այնպես էլ այցելուների ջերմաչափումը՝ հեռահար ջերմաչափերով, այն դատարանների վարչական շենքերում, որտեղ առկա է համապատասխան հնարավորություն, ապահովվում է ներսում գտնվող անձանց, ինչպես նաև դատական նիստերի մասնակիցների միջև առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորությունը, պարբերաբար ապահովվում է նաև վարչական շենքերի սենյակների, սրահների, դատական նիստերի դահլիճների (յուրաքանչյուր նիստից հետո) բնական օդափոխությունը, Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցների (մաքրուհիների) կողմից յուրաքանչյուր օր՝ առնվազն 2 անգամ, ախտահանիչ նյութերով ախտահանվում են Բարձրագույն դատական խորհրդի, Դատական դեպարտամենտի և ՀՀ բոլոր դատարանների վարչական շենքերը։

Արցախում կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր չեն հայտնաբերվել

$
0
0

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր հանրապետությունում չեն հայտնաբերվել :

Մեկուսացված է 89, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 28 քաղաքացի:

Պացենտներից մեկի առողջական վիճակը ծանր է, ունի քրոնիկ հիվանդություններ և երկկողմանի թոքաբորբ: Երեքի առողջական վիճակն էլ շարունակում է մնալ միջին ծանրության:

Ընդհանուր թեստավորումների քանակը 2067 է:

Մհեր Մկրտչյանին հետմահու շնորհվել է «Գյումրու պատվավոր քաղաքացու» կոչում

$
0
0

Հուլիսի 4-ին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանը (Ֆրունզիկ) կդառնար 90-տարեկան: Հարգանքի տուրք մատուցելով հայ նշանավոր դերասանին՝ Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Հայկ Սուլթանյանը, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ ծաղիկներներ դրեցին դերասանի հուշարձանին:

Այս մասին տեղեկացնում են Գյումրու համայնքապետարանից։

Այնուհետ ներկաները եղան նաև Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանում:

Սամվել Բալասանյանը թանգարանին փոխանցեց պատվավոր քաղաքացու հուշամեդալը և ավագանու որոշումը:

Գյումրի համայնքի ավագանին հունիսի 10-ին կայացած նիստում միաձայն որոշում էր կայացրել և «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում շնորհել հայ մեծանուն դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանին:

Нет описания фото. На изображении может находиться: один или несколько человек, люди стоят, дерево, обувь, небо, на улице и природа

Կոչ ենք անում քաղաքացիներին չվճարել տոմսի հայտարարված արժեքից ավելի գումար. ՌԴ-ում Հայաստանի դեսպանատուն

$
0
0

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ դեսպանությունը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել քաղաքացիներից՝ կապված հուլիսի 3-ին «Վնուկովո» օդանավակայանից «Aircompany Armenia» ընկերության կողմից իրականացված Մոսկվա-Երևան չվերթի տոմսերի վերաբերյալ։

Քաղաքացիները, մասնավորապես, ահազանգել են, որ չվերթի տոմսերի արժեքը օդանավակայանի տարբեր տոմսարկղերում գերազանցել է դեսպանության հայտարարության մեջ նշված գինը։

Նշենք, որ տոմսի սահմանված արժեքի (13 հազ․ 200 ռուբլի) վերաբերյալ տեղեկատվությունը դեսպանությանը պաշտոնապես տրամադրել է նշված ավիաընկերությունը։

Հետագայում նման իրավիճակից խուսափելու համար՝ կոչ ենք անում քաղաքացիներին չվճարել տոմսի հայտարարված արժեքից ավելի գումար, տոմսերը գնել միայն հայտարարության մեջ նշված համարի տոմսարկղից, իսկ նման դեպքերի պարագայում՝ դիմել օդանավակայանում ավիաընկերության պաշտոնական ներկայացուցչին։

Մշտադիտարկումներ են իրականացվել Գեղարքունիքի մարզում, կասեցումներ՝ Երևանում

$
0
0

Այսօր՝ հուլիսի 4-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները շարունակել են մշտադիտարկումներ իրականացնել Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մարտունի քաղաքներում: Մի քանի խախտումներ են դիտարկվել Վարդենիս քաղաքի բենզալցակայաններում և շինանյութի խանութներում: Հիմնական խնդիրներն առնչվել են դիմակների և ձեռնոցների համար նախատեսված փակ աղբամաններին, ջերմաչափերին ու ջերմաչափման գրանցամատյաններին: Իսկ Մարտունի քաղաքի մի քանի գազալցակայաններում բացակայել են գծանշումներն ու փակ աղբամանները:

Դիտարկված բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ուղարկվում են պարետատուն: Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կատարել է նաև կասեցումներ Երևան քաղաքի «Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոներում: «Սուրմալու» առևտրի կենտրոնի մի շարք տաղավարներում բացակայել են գծանշումները, դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված փակ աղբամանները, ինչպես նաև ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները:

Հիշեցնենք, որ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ մշտադիտարկումներն իրականացնում է պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն:

Viewing all 39725 articles
Browse latest View live