Ազգային ժողովի պատգամավոր Միհրան Պողոսյանը ZAZ մակնիշի ավտոմեքենայով 2015 թվականի ապրիլի 4-ին՝ 18։57-ին 153կմ/ժ արագությամբ ընթացել է Սևան-Երևան ավտոճանապարհով․ արագաչափը ֆիքսել է արագությունը։
Տուգանքը ստանալուց հետո նա այն չի մուծել, իսկ ճանապարհային ոստիկանությունը 09.09.2015 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ պատգամավորի։
Հայցվորը, դիմելով դատարան, հայտնել է, որ պատասխանողը ճանապարհային ոստիկանության 16.04.2015թ. որոշմամբ ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 124․4-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ենթարկվել է վարչական տույժի 200 հազար ՀՀ դրամի չափով՝ ZAZ մակնիշի 55 UL 333 համարանիշի տրանսպորտային միջոցի վարորդ 04.04.2015 թվականին՝ ժամը 18։57-ին, Սևան-Երևան ավտոճանապարհին 153կմ/ժ արագությամբ երթևեկելու համար։
ՃՈ-ն խնդրել է պատասխանողից ՀՀ ոստիկանության ՃՈ հաշվին վճարելու համար բռնագանձել 300 հազար ՀՀ դրամ գումար՝ ներառյալ ավելացված տույժերը։
Դատարանը փաստարկված է համարել հայցը և գտել, որ ներկայացված հայցը հիմնավոր է և ենթակա է բավարարման, ուստիև պատասխանողից հօգուտ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետք է բռնագանձել 300.000 ՀՀ դրամ և 6.000 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։ 2015թ․-ին Միհրան Պողոսյանը դեռևս զբաղեցնում էր ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության պետի պաշտոնը։
Վարչական դատարանի վճռի կայացումից հետո Միհրան Պողոսյանի փաստաբանական թիմը բողոք է ներկայացրել վարչական վերաքննիչ դատարան, դատարանը որոշել է վերաքննիչ բողոքը վերադարձնել՝ նշելով, որ այն կարող է բողոքարկվել 5-օրյա ժամկետում։
2017 թվականի մայիսի 23-ին դատարանը հրապարակեց որոշումը՝ բավարարելով այն մասնակի, բեկանեց Վարչական դատարանի վճիռն ու կարճեց գործի վարույթը․ «Որպես բողոք բերելու համար նախապես վճարված պետական տուրքի գումար ՀՀ ոստիկանության ՃՈ-ից հօգուտ Միհրան Պողոսյանի բռնագանձել 9000 ՀՀ դրամ, ավելի վճարված 1000 դրամը վերադարձնելով Միհրան Պողոսյանի»,- որոշումը հրապարակեց դատավոր Արթուր Առաքելյանը։
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց ՀՀ ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, որով պատգամավորը առաջարկում է վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 305-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ. Վարչական պատասխանատվության ենթարկված անձի կողմից տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան դրա՝ օրենքով սահմանված կարգով անբողոքարկելի դառնալը, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում՝ գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան դրանց՝ օրենքով սահմանված կարգով անբողոքարկելի դառնալը»:
Նշենք, որ ըստ գործող կարգի՝ տուգանքները վճարելու համար խախտողին տրամադրված է տասնհինգօրյա ժամկետ։ Այսինքն՝ խախտողի կողմից տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում՝ գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում: Ըստ կից ներկայացված հիմնավորման՝ նախագծի ընդունումն անհրաժեշտ է վարչական տուգանքի ենթարկված անձանց տուգանքների վճարման համար ողջամիտ ժամկետ տրամադրելու համար։
Վարչական տուգանքի վճարման 15-օրյա ժամկետ սահմանելն իրավական հետևանք ուներ այն ժամանակ, երբ նշված ժամկետում չվճարելու դեպքում տուգանքի մայր գումարի վրա տույժ էր գումարվում: Բայց համապատասխան օրենսդրական փոփոխությունից հետո այլևս տույժեր չեն ավելանում, ուստի տուգանքի վճարման 15-օրյա ժամկետի սահմանումը կրում է ձևական բնույթ և 15-օրյա ժամկետի խախտման դեպքում ոչ մի իրավական հետևանք վրա չի հասնում, մինչև վարչական ակտի անբողոարկելի դառնալու համար սահմանված 2-ամսյա ժամկետի լրանալը /բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի/:
«Ստացվում է, որ օրենսգրքով նախատեսվում է հստակ ժամկետ, սակայն օրենսդրական փոփոխությունների արդյունքում այն կորցրել է իր նպատակային նշանակությունն ու անհրաժեշտությունը՝ ժողովրդին դնելով արհեստածին սահմանափակումների մեջ»,-ընդգծել է օրենքի հեղինակը:
Միհրան Պողոսյանն ակնկալում է, որ փոփոխության արդյունքում, նախ կավելանա տուգանքները վճարողների թիվը, ապա՝ վճարված տուգանքների քանակը և պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջե մուտքագրվող գումարների չափը, ինչպես նաև կթեթևանա վարչական պատասխանատվության ենթարկվածների սոցիալական ծանրաբեռնվածությունը։ Իսկ նման պարագայում կթեթևանա ինչպես դատարանների, այնպես էլ ԴԱՀԿ ապահովող ծառայության և տուգանք նշանակած վարչական մարմինների ծանրաբեռնվածությունը՝ պայմանավորված դատարան և ԴԱՀԿ ապահովող ծառայություն՝ գումարների բռնագանձման պահանջով դիմելու գործառույթի կրճատումով:
Օրենքի նախագիծը կներառվի ԱԺ քառօրյա լիագումար նիստում։