Բարձրաստիճան պաշտոնատար անձը իր գույքի և եկամուտների վերաբերյալ պաշտոնավարման ընթացքում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին հայտարարագրեր է ներկայացնում յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ` ոչ ուշ, քան տվյալ տարվան հաջորդող տարվա փետրվարի 15-ը։ Ինչպես նաև հայտարարագրեր է ներկայացնում պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, դադարեցնելու օրվա դրությամբ հայտարարագրերը այդ օրերին հաջորդող 15 օրվա ընթացքում: Այս մասին սահմանվում է «Հանրային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածով:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը այս պաշտոնը ստանձնել է դեռևս 2011 թվականի մարտի 3-ին, սակայն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց հանձնաժողովի կայքում ներկայացված է նրա և նրա կնոջ միայն 2014 թվականի եկամուտների և գույքի հայտարարագրերը:
Այնինչ՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետում սահմանվում է, որ մարդու իրավունքների պաշտպանը նույնպես համարվում է բարձրաստիճան պաշտոնատար անձ, հետևաբար, վերջինս նույնպես պետք է ամեն տարի ներկայացնի գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագիր:
Այդ հայտարարագրի համաձայն՝ 2014 թվականի ընթացքում Կարեն Անդրեասյանը որևէ գույք ձեռք չի բերել, չի օտարել, փոխառություններ չունի, ունեցել է 56 միլիոն դրամ դրամական միջոցներ, իսկ աշխատավարձից ստացված եկամուտը կազմել է 11 միլիոն 615 հազար 131 դրամ:
Նրա կնոջ՝ փաստաբան Եվա Առաքելյանի հայտարարագրում նույնպես տվյալներ չկան՝ գույքի ձեռքբերման կամ օտարման, փոխառություններ վերաբերյալ: Նշվում է, որ նրա դրամական միջոցները կազմել են 30 միլիոն դրամ, իսկ աշխատավարձից ստացված եկամուտը կազմել է 6 միլիոն 478 հազար 640 դրամ: