Quantcast
Channel: iravaban.net
Viewing all articles
Browse latest Browse all 39369

«Բա սա կաշա՞ռք չի». աշակերտը՝ սեմինարի ժամանակ տրված հյուրասիրության մասին. կոռուպցիան Արարատի դպրոցներում

$
0
0

«Արարատի մարզում, մասնավորապես Արարատ քաղաքում եղել են դպրոցներ, որոնց աշակերտները տարրական գիտելիքներ չունեն կոռուպցիայի մասին, սակայն դպրոցներ էլ կան, որտեղ աշակերտները բավականին իրազեկ են և ունեին ամուր արժեքային համակարգ»,- Այսօր «Միասին ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ամփոփման ժամանակ ասաց «Միասին» հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Շիրինյանը: Նա կատակելով հիշեց, որ դպրոցներից մեկում աշակերտները ըմբոստացել էին անգամ հյուրասիրությունից` այն ընկալելով, որպես կոռուպցիա. «Հանդիպումներից մեկին հյուրասիրություն էինք կազմակերպել, երեխաներից մեկն էլ եկավ ու ասաց` «Բա հիմա սա կաշառք չի, դուք մեզ դասից կտրել եք ու հյուրասիրության եք տալիս, որ սեմինարին մասնակցե՞նք»»,- ասաց նա:

Նշենք, որ դրամաշնորհը տրամադրվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի կողմից: Այն իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից՝ գործընկեր՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համատեղ՝ Եվրոպական Միության և ԵԱՀԿ ֆինանսական օժանդակությամբ: «Միասին ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի նպատակը կոռուպցիայի դեմ պայքարն է  կրթական ոլորտում, կազմակերպվել են իրազեկման դասընթացներ քաղաքի ավագ դպրոցներում՝ աշակերտների, ծնողների և ուսուցիչների համար:

Ծրագրի շրջանակներում իրականացվել են հարցումներ 152 անձանց շրջանում: Միջոցառման ժամանակ սոցիոլոգ Արփինե Անտոնյանը ասաց, որ հարցվողներից 86-ը կոռուպցիան կապում էր կաշառքի հետ, 15-ը թալանի, դրամաշորթության, 9-ը դիրքի չարաշահման, մյուս 9-ը` անօրինական գործողությունները օրինական դարձնելու հետ:

Հարցվողների մեծ մասը գտել է, որ ծաղիկ, կոնֆետ, խմիչք նվիրելը, ռեստորան հրավիրելը, տոների ժամանակ ուսուցչին նվերներ տալը կոռուպցիա չէ, սակայն որպես կոռուպցիա է դիտարկվել դիրքի շահարկումը:

ՀԵԻԱ-ի գործադիր տնօրեն Արտակ Սարիբեկյանը հույս հայտնեց, որ ծրագիրն ինչ-որ չափով կնպաստի կոռուպցիայի դեմ պայքարին Արարատի մարզում: Նա նաև նշեց, որ «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում Արարատի մարզի ՔՀԿ-ները, որոնք մասնակցել են ծրագրի շրջանակներում կազմակերպված հակակոռուպցիոն ուսուցմանը, կարող են դիմել առաջիկայում հայտարարվելիք փոքրիկ դրամաշնորհների մրցույթին և հաղթելու դեպքում հանրային վերահսկողության ծրագրեր իրականացնել մարզի տարածքում. «Սա նաև խթան կհանդիսանա Ձեզ համար, որպեսզի դիմեք ծրագրին և պայքարեք կոռուպցիայի դեմ»,- ասաց նա:

Արտակ Սարիբեկյանը նաև հիշեց, որ տարիներ առաջ, երբ ՀԵԻԱ-ն նոր էր իր պայքարը սկսում մարզերում, քաղաքացիները խուսափում էին կոռուպցիոն երևույթների մասին խոսել, սակայն այժմ իրավիճակը փոխվել է: Նշենք, որ ծրագիրը մեկնարկել է հուլիսի 1-ից:

Նշենք նաև, որ ծրագրի շրջանակներում Արարատի մարզում տեղադրվել է նաև հակակոռուպցիոն բնույթի պաստառներ:

Իրավաբան.net


Viewing all articles
Browse latest Browse all 39369

Trending Articles