Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի համաձայն՝ լիազորված տնտեսական օպերատորը օրենքով սահմանված կարգով հիմնադրված` արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող իրավաբանական անձն է, որը համապատասխանում է Միության օրենսգրքով և սույն օրենքով սահմանված չափանիշներին:
Լիազորված տնտեսական օպերատորների համար պարզեցված ընթացակարգերը սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 41-րդ և 42-րդ հոդվածներով, որտեղ նշվում է հետևյալը՝ լիազորված տնտեսական օպերատորին կարող է տրամադրվել հետևյալ հատուկ պարզեցված ընթացակարգերով աշխատելու հնարավորություն՝
1) լիազորված տնտեսական օպերատորի շինություններում, բաց հրապարակներում և այլ տարածքներում ապրանքների ժամանակավոր պահպանություն.
2) ապրանքների բացթողում մինչև Մաքսային միության մաքսային օրենսգրքի 197-րդ հոդվածով մաքսային հայտարարագիրը ներկայացնելը.
3) ապրանքների բացթողման հետ կապված մաքսային գործառնությունների իրականացում լիազորված տնտեսական օպերատորի շինություններում, բաց հրապարակներում և այլ տարածքներում.
4) Մաքսային միության օրենսդրությամբ սահմանված այլ հատուկ պարզեցված ընթացակարգեր:
Նախատեսված հատուկ պարզեցված ընթացակարգերը կիրառվում են միայն այն դեպքերում, երբ լիազորված տնտեսական օպերատորն իրավունք ունի հանդես գալ որպես այն ապրանքների հայտարարատու, որոնց նկատմամբ ենթադրվում է այդպիսի հատուկ ընթացակարգերի կիրառումը:
Այն ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ չեն կարող կիրառվել օրենքով նախատեսված հատուկ պարզեցված ընթացակարգերը, սահմանվում է Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ:
Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ շնորհելու չափանիշները հետևյալն են՝ լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ շնորհելու չափանիշները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 39-րդ հոդվածով, որտեղ մասնավորապես նշվում է՝ իրավաբանական անձի կողմից լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ստանալու պայմաններն են՝
1) մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման տրամադրումը՝ մեկ միլիոն եվրո գումարին համարժեք չափով, որը հաշվարկվում է հիմք ընդունելով այդ ապահովումը տրամադրելու օրվա դրությամբ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված փոխարժեքները՝ բացառությամբ սույն ենթակետի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքի.
Ապրանքների արտադրության և (կամ) ապրանքների արտահանման գործունեություն իրականացնող անձինք, որոնց նկատմամբ արտահանման մաքսատուրքեր չեն կիրառվում դրանց՝ Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ սահմանված չափանիշներին համապատասխան լինելու դեպքում, մաքսատուրքերի և հարկերի վճարման ապահովումը տրամադրում են հարյուր հիսուն հազար եվրո գումարին համարժեք չափով, որը հաշվարկվում է հիմք ընդունելով այդ ապահովումը տրամադրելու օրվա դրությամբ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված փոխարժեքները.
2) արտաքին առևտրային գործունեության իրականացումը Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված ժամկետի, սակայն մաքսային մարմին դիմելու օրվանից առաջ մեկ տարուց ոչ պակաս ժամկետի ընթացքում.
3) մաքսային մարմին դիմելու օրվա դրությամբ՝ մաքսային վճարների, տոկոսագումարների, տույժերի վճարման մասով չկատարված պարտականությունների բացակայություն.
4) մաքսային մարմին դիմելու օրվա դրությամբ՝ Մաքսային միության անդամ պետությունների՝ հարկերի և հավաքագրումների վերաբերյալ օրենսդրությանը (հարկային օրենսդրությանը) համապատասխան պարտքերի (ապառքների) բացակայություն.
5) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված՝ մաքսային գործի բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության ենթարկվելու փաստերի բացակայություն մաքսային մարմին դիմելուց առաջ 1 (մեկ) տարվա ընթացքում.
6) ապրանքների հաշվառման այնպիսի համակարգի առկայությունը, որը հնարավորություն է տալիս մաքսային գործառնություններ իրականացնելու ժամանակ մաքսային մարմիններին ներկայացված տվյալները համադրել առևտրատնտեսական գործառնությունների իրականացման վերաբերյալ տվյալների հետ՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան.
7) այլ պահանջների հետ համապատասխանությունը և այլ պայմանների բավարարումը, որոնք սահմանված են Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ: