Quantcast
Channel: iravaban.net
Viewing all articles
Browse latest Browse all 39239

Ավելացված արժեքի հարկի վերադարձի (Tax Free) գործընթացը

$
0
0

ՀՀ կառավարության որոշմամբ օտարերկրյա անձանց կողմից ավելացված արժեքի հարկի գումարները հետ ստանալու համար նախատեսված ԱԱՀ վերադարձի հաշվով ձեռք բերված ապրանքների արժեքի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) շեմը սահմանվել է 50.000 ՀՀ դրամ՝ 100.000 ՀՀ դրամի փոխարեն: Հստակեցվել է նաև, որ ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշվում օտարերկրյա անձի անունը, ազգանունը տառասխալներով լրացնելը չի կարող ավելացված արժեքի հարկի գումարի վերադարձի մերժման հիմք հանդիսանալ, եթե գումարի վերադարձման համար անհրաժեշտ մյուս վավերապայմանները պահպանված են: Փոփոխություններն ուժի մեջ են 2017 թվականի հունվարի 1-ից:

Ավելացված արժեքի հարկի վերադարձի (Tax Free) գործընթացը մեկնարկել է 2014 թվականի մարտից: Հայաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիները մեր երկրում ձեռք բերված ապրանքների համար վճարված ԱԱՀ-ն կարող են հետ ստանալ մեկնելիս: Այն գործում է միայն ԱԱՀ վճարող համարվող կազմակերպություններից գնումներ կատարելու դեպքում, եթե ձեռք բերված ապրանքի համար առկա է «Tax free invoice» կամ ՀԴՄ «Tax free» հաշիվ և կտրոն, միևնույն խանութից (նույն հարկ վճարողից) մեկ օրվա ընթացքում ձեռք բերված ապրանքների արժեքը գերազանցել է 50 հազար դրամը (նախկինում՝ 100 հազար դրամը), ԱԱՀ-ն՝ 8 335 դրամը (նախկինում՝ 16 670 դրամը), և, եթե ապրանքը չի օգտագործվել մինչև արտահանումը` պահպանելով գործարանային փաթեթավորումը: Հնարավորությունն ուժի մեջ է գնումը կատարելուց հետո մինչև 90 օրվա ընթացքում:

«Tax free» համակարգից օգտվելու գործընթացում բացառություն են կազմում սննդամթերքը, ծխախոտը, դեղորայքը, մշակութային արժեքները, տրանսպորտային միջոցները կամ դրանց մասերը: Ձեռք բերված ապրանքների համար վճարված ԱԱՀ-ն օտարերկրյա քաղաքացիներին վերադարձվում է Հայաստանից մեկնելիս՝ օդանավակայաններում և սահմանային բոլոր մյուս անցակետերում: Օտարերկրյա քաղաքացիները վերադարձման ենթակա գումարը կարող են ստանալ բանկային փոխանցմամբ` 30 օրվա ընթացքում կամ կանխիկ` անցակետերում գործող բանկային մասնաճյուղերից:

Սույն նյութը հրապարակվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի իրականացման համար Իրավաբանների հայկական ասոցիացիային տրամադրված դրամաշնորհի շրջանակներում:

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԴԻՄԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԻՆ, ԺԱՄԸ 09.00-13.00 14.00-18.00

  • ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2, 0010 անվճար հեռախոսահամար (թեժ գիծ) 080001110, հեռախոսահամար 010 540199,
  • ք. Կապան, Ա. Մանուկյան 1/72, հեռախոսահամար 285 52511,
  • ք. Վանաձոր, Վարդանանց 82/1, հեռախոսահամար 322 22317,
  • ք. Գյումրի, Տիգրան Մեծի 1/2, հեռախոսահամար 312 58236,
  • ք. Գավառ, Բոշնաղյան 56/7, հեռախոսահամար 264 25503 :

Իրավաբան.net


Viewing all articles
Browse latest Browse all 39239

Trending Articles