Հարկերի մասին ՀՀ օրենքի համաձայն՝ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներն ազատվում են ընտանեկան ձեռնարկատիրության մասով առաջացող բոլոր պետական հարկերից (այդ թվում` որպես հարկային գործակալ հարկը հաշվարկելու, պահելու և պետական բյուջե փոխանցելու պարտավորությունից), բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի:
Ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված ընտանիքի անդամներին (այդ թվում` վարձու աշխատող համարվող) ընտանեկան ձեռնարկատիրության մասով հարկային գործակալի կողմից վճարվող հարկվող եկամուտներից եկամտային հարկը հաշվարկվում և վճարվում է յուրաքանչյուր անձի համար ամսական 5 հազար դրամի չափով` մինչև եկամուտների հաշվարկման ամսվան հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ), որը նրանց համար համարվում է եկամտային հարկի գծով վերջնական հարկային պարտավորություն:
Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտները յուրաքանչյուր հաշվետու տարվա համար մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած`
1) հաշվետվություն` գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների (կատարված աշխատանքների) իրացման շրջանառության վերաբերյալ.
2) անձնավորված հաշվետվություն` սույն հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված եկամուտների և դրանց մասով վճարված եկամտային հարկի վերաբերյալ:
Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների վրա չի տարածվում Հարկերի մասին ՀՀ օրենքի օրենքի 20-րդ հոդվածով սահմանված` առանձին ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների, իրացման փաստացի գների (այդ թվում` միջին), ինչպես նաև մատուցված ծառայությունների ծավալների և դրանց փաստացի սակագների (այդ թվում` միջին) վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու պահանջը: