Quantcast
Channel: iravaban.net
Viewing all 39682 articles
Browse latest View live

«Ռիժուլյային» մեղադրանք է առաջադրվել

$
0
0

Երևանի սրճարաններից մեկում ՌԴ քաղաքացի 22-ամյա Կիրիլ Ատաևը՝ «Ռիժուլյա» օգտանունով, TikTok-ի ուղիղ եթերում հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ։

Հունվարի 26-ին նշված անձը խուլիգանության կասկածանքով ձերբակալվել է և ներկայացվել Քննչական կոմիտե:

Քննչական կոմիտեից Iravaban.net-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի  (Խուլիգանությունը` հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ մարդկանց անդորրը խախտելով կամ նույն եղանակներով հանրային միջոցառումը, արարողությունը խափանելով կամ հասարակական նշանակության օբյեկտի, հիմնարկի կամ կազմակերպության բնականոն աշխատանքը խոչընդոտելով, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով) եւ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի  (Հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը, եթե չեն առաջացել սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) հատկանիշներով:


Վահե Գրիգորյանն ընտրվել է ՄԻԵԴ-ի դատավոր

$
0
0

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) այսօր Վահե Գրիգորյանին ընտրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր Հայաստանից։

«Վահե Գրիգորյանը` հավաքելով ձայների մեծամասնությունը, ընտրվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր՝ ինը տարի ժամկետով, որը սկսվում է նրա ընտրվելուց ոչ ուշ, քան երեք ամիս հետո»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Դատավորներն ընտրվում են ԵԽԽՎ-ի կողմից՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան վավերացրած յուրաքանչյուր պետության կողմից առաջադրված երեք թեկնածուներից բաղկացած ցուցակից:

Նշենք, որ Հայաստանը առաջադրել էր Վահե Գրիգորյանի, Նորա Կարապետյանի և Աննա Մարգարյանի թեկնածությունները:

Վահե Գրիգորյանի կենսագրությունը։

Ծնվել է 1975 թվականի ապրիլի 20-ին Երևանում:

Կրթություն

1997 թվականին
ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

2010 թվականին
ավարտել է Նոթինգեմի համալսարանը՝ ստանալով Մարդու իրավունքների մագիստրոսի կոչում:

Մասնագիտական վերապատրաստում է անցել.
2001 թվականին
Հռոմի Միջազգային զարգացման իրավունքի ինստիտուտում՝ դասընթացը «Սեփականության իրավունք և անցումային արդարադատություն» թեմայով

2007 թվականին
Վարշավայի Մարդու իրավունքների հելսինկյան հիմնադրամում

2009 թվականին
Վաշինգտոնի Ջոնս Հոփկինս համալսարանի Միջազգային հարաբերությունների բարձրագույն դպրոցում

2010 թվականին
Բեռլինի «Hertie» կառավարման դպրոցում

Աշխատանքային գործունեություն

2022 թվականի դեկտեմբերի 20-ին
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կողմից ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ:

2019 թվականի հունիսի 18-ին
Հանրապետության նախագահի առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր:

2016 թվականից
Միջազգային քրեական դատարանում ցուցակագրված փաստաբան:

2014-2018 թթ.
հանդիսացել է Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ (առաքելություններ և փորձագիտական աշխատանք է իրականացրել Ղազախստանում, Ուկրաինայում, Մոլդովայում)՝ խորհրդատվություն է մատուցել ԵԽ մարմիններին դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ:

2013-2019 թթ.
աշխատել է «Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոնի» (European Human Rights Advocacy Centre, Լոնդոն) իրավաբան/փաստաբան և իրավական խորհրդական:

2011-2015 թթ.
զբաղվել է ազգային և միջազգային իրավական փորձագիտական գործունեությամբ՝ որպես վերապատրաստող փորձագետ պարբերաբար դասընթացներ է վարել ԵԱՀԿ, ԵԽ և ԵՄ կողմից կազմակերպված Հայաստանի և Կենտրոնական Եվրոպայի, ԱՊՀ պետությունների իրավաբանների, լրագրողների և դատավորների համար ՄԻԵԿ նյութական և դատավարական իրավունքների թեմաներով դասընթացներին:

2001-2019 թթ.
իրականացրել է փաստաբանական/իրավախորհրդատվական գործունեություն, դատական ներկայացուցչություն ներպետական դատարաններում (եռաստիճան դատական համակարգի ատյաններ և Սահմանադրական դատարան) և միջազգային ատյաններում (ՄԻԵԴ և ԵԽ նախարարների կոմիտե): Տարբեր կարգավիճակներով (դիմողի ներկայացուցիչ, ներկայացուցիչների խմբի անդամ կամ ներկայացուցչի խորհրդական) մասնակցել է ՄԻԵԴ-ի շրջանակներում իրականացված 80-ից ավելի դատավարությունների:

2001-2005 թթ.
եղել է «Ռայթ-իրավաբանական խումբ» ՍՊԸ-ի իրավական խորհրդատուն, իսկ 2003 թվականից՝ գործադիր տնօրենը:

1999-2000 թթ.
աշխատել է «Հայներարտբանկ» ՓԲԸ գրավի վարչության պետի, այնուհետև՝ իրավաբանական խորհրդատվության վարչության պետի պաշտոնում:

1996-1997 թթ.
աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում՝ որպես իրավաբան:

Այլ տվյալներ

1997-1998 թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Հայկ Մարությանի արձագանքը՝ Տիգրան Ավինյանի հայտարարությանը

$
0
0

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքել է քաղաքապետ Տիգրան Ավինյանի այն հայտարարությանը, ովով նա տեղեկացրեց, որ որոշել են փետրվարի մեկից ներդնել նոր ուղևորատոմս՝ մեկ ուղևորության արժեքը սահմանելով 150 դրամ։

«Ժողովրդի պահանջը մնում է նույնը՝ 1 ուղևորությունը 100 դրամ։ Փետրվարի 1-ից ԲՈՅԿՈՏ»,-նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

«Մի հավատացեք ապատեղեկատվությանը, նման բան չկա»․ Բաբկեն Թունյան

$
0
0

Եկամուտների հայտարարագրման համակարգի մասին խոսելիս որոշ մարդիկ ապատեղեկատվություն են տարածում, թե բանկային գաղտնիքը վերացվել է, և պետական կառույցներն ու դրանց աշխատակիցները կարող են ստանալ ցանկացած տեղեկատվություն ձեր բանկային հաշվի վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյան ը։

«ՆՄԱՆ ԲԱՆ ՉԿԱ

Պետությունը, պետական կառույցները ձեր բանկային հաշիվներին հասանելիություն չունեն:

Պետությունը չի տեսնում՝ ձեզ ով է գումար փոխանցել կամ դուք ում եք փոխանցել:

Պետությունը չի տեսնում՝ ձեզ քանի անգամ կամ երբ են գումար փոխանցել կամ դուք քանի անգամ եք փոխանցել:

Պետությունը չի տեսնում՝ ամեն անգամ ձեզ որքան գումար են փոխանցել կամ դուք որքան եք փոխանցել:

Պետությունը չի տեսնում ձեր հաշվի մուտքերի կամ ելքերի նպատակները:
Ի՞նչ է տեսնում պետությունը (տվյալ դեպքում ՊԵԿ-ը):

Բանկից ստանում է ընդամենը 2 թիվ. ձեր հաշիվներին տարվա ընթացքում կատարված դրամական մուտքերի հանրագումարը և ելքերի հանրագումարը:

Ձեր բանկային հաշվի վերաբերյալ ցանկացած այլ տվյալի պետությունը կարող է հասանելիություն ունենալ միայն ձեր համաձայնությամբ (եթե դուք անհրաժեշտության դեպքում տրամադրեք քաղվածքը) կամ դատարանի որոշմամբ: Մի հավատացեք ապատեղեկատվությանը»,-նշել է նա։

«Տարածված տեղեկատվությունը կեղծ է և չի համապատասխանում իրականությանը»․ Մովսես Հարությունյան

$
0
0

«Ժողովուրդ» օրաթերթում հրապարկված ու մամուլում տարածված տեղեկությունները, թե իբր Ալեն Սիմոնյանը բալթյան երկրների խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է ջախջախվի, պարտվի, վերանա, որպեսզի մեզ և բալթյան երկրների համար լավ լինի, կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հերքումը տարածել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը։

«Վերոնշյալ հանդիպման և ողջ համաժողովի քննարկումներն ուղղված են եղել տարածաշրջանում ընթացող գործընթացներին ու Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը։

ՀՀ ԱԺ նախագահը նման հայտարարություն որևէ հանդիպման ժամանակ չի արել, բոլոր հանդիպումների օրակարգը հրապարակային է, իսկ հանդիպումներն էլ` տեսագրված։ Այս պահին դիտարկում ենք իրավական ճանապարհով այդ կեղծիքը հերքելու տարբերակը»,-նշել է նա։

Կկայանա Երևանի ավագանու արտահերթ նիստ

$
0
0

Կկայանա Երևանի ավագանու արտահերթ նիստ։ Այս մասին հայտնում է ավագանու անդամ Արմեն Գալջյանը։

«Հարգելի քաղաքացիներ,

Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ հունվարի 31-ին կկայանա Երևանի ավագանու արտահերթ նիստ, մեկ ուղևորության համար 150 դրամ սակագին սահմանելու օրակարգով։ Միևնույն ժամանակ, գործող բոլոր տոմսային փաթեթները, այդ թվում՝ 300 դրամանոց 180 րոպեով տևող տարբերակը, կշարունակեն լինել փաթեթների շարքում»,-նշել է նա։

Ուզում եմ ևս մեկ շերտ բացել․ Նիկոլ Փաշինյան

$
0
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան  իր էջում գրել է․ «Ինչ կապ ունի «Հարստացիր եւ հարստացրու»-ն համընդհանուր հայտարարագրման հետ»։

Նա ներկայացրել է ևս մեկ տարբերակ, թե ինչպես քաղաքացիները կարող են սոցիալական կրեդիտի ձևով, իրենց վճարած եկամտային հարկից ետ ստանալ որոշակի գումար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Պլանային անջատումներ հունվարի 29-ին

$
0
0

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Ժամը 11։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Երևան քաղաքի Արարատյան 1 և 2 զանգվածների շենքերի, «Երևան պարկ» ընկերության, Լենինգրադյան փ. 21/13, 23/2, 23/7 շենքերի, Դալմայի այգիների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի:

Երևան քաղաք՝

11։00-17։00 Արագածի փ․ 93, 93ա շենքեր, Կողբի 1 և 2 փողոցներ, Արագածի, Ղարիբջանյան փողոցների առանձնատներ, Արշակունյաց պող․ 51, 53 շենքեր, Ս․Զորավարի փ․ 44, 46 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Գ․ Հովսեփյան փ. 24/30, 24/33 և 56/10, 56/6, 56/7 առանձնատներ, «Սահալքո», «Նորաշեն գրուպ», «ԳԹ Բիլդինգ», «Պարտնյոր Գրուպ», «Բիգ Կապիտալ», «ՀԼ Քոնսթրաքշն», «Մռավ Սար», «Պրեմիում ռեալիթի», «Պանորամա Այթի Քամփուս», «Տիդա-2023», «Քլինթսոֆթ», «Պանորամա Ռեզորթ», «Դիջիթեք», «Բուլդոզեր Գրուպ» ՍՊԸ-ներ, հարակից տարածքների առանձնատներ և ոչ բնակիչ-բաժանորդներ, Նուբարաշեն 9 փողոց 1-32; 11 փողոց 6-27; 18 փողոց 1-8; 20 փողոց 1-15 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Արեշ 35 փողոց 127/2 շենք, Քանաքեռ ՀԷԿ թաղ. 2-9 շենքեր և 1-41 առանձնատներ, Համո Սահյան փ. 86-102 առանձնատներ, Աղասու փ. 35-49 առանձնատներ, Քանաքեռ 1 փողոց 1-24; 2 փողոց 1-37; 4 փողոց 1-15; 5 փողոց 14-24/1 առանձնատներ, Սարկավագի փ. 1-16, 1-32 առանձնատներ, Սարկավագ 1 նրբանցք 1-15; 2 նրբանցք 1-6Ա առանձնատներ, Պարույր Սևակի փ. 5/7 առանձնատուն, Ազատության պող. 2-6 շենքեր, Հասրաթյան փ. 5/1-5/2. շենքեր և 2/4-2/19, 8/12-58/3 առանձնատներ, Ֆանարջյան այգիների առանձնատներ և տնակներ, Ուլնեցի փ. 141/4-141/7 առանձնատներ, 16 թաղ․ 19, 20, 21, 25, 36, 38 շենքեր, Բ-2 թաղ․ 50, 52, 55, 57, 59 շենքեր,

Արմավիրի մարզ՝

11։00-16։00 Փարաքար և Թաիրով գյուղեր,

Արագածոտնի մարզ`

11։00-17։00 Արագածոտն, Նոր Ամանոս և Նոր Եդեսիա գյուղեր,

Արարատի մարզ`

10։00-11։30 Նորաշեն գյուղ մասնակի,

12։00-14։00 Արտաշատ քաղաք՝ Ս. Հակոբյան, Բաղրամյան, Նարեկացի, Չաուշի և Ավետիսյան փողոցներ մասնակի, Երևան-Երասխ մայրուղի մասնակի, Մարքսի փ. 93, 96, Աթարբեկյան փ. 105, Մյասնիկյան փ. 159 հասցեների ոչ բնակիչ-բաժանորդներ, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Բուրաստան, Դալար, Դիմիտրով, Մասիս, Մրգավան և Շահումյան գյուղեր,

Վայոց Ձորի մարզ՝

10։00-13։00 Ջերմուկ քաղաք՝ Քաղաքապետարան, Վարդանյան, Շահումյան, Մյասնիկյան փողոցներ մասնակի,

Կոտայքի մարզ՝

11։00-14:00 Բջնի համայնք, «Վիվա Արմենիա», «Տելեկոմ Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-16։30 Արզնի համայնք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Արզնի» թռչնաֆաբրիկա, Արզնի գյուղ՝ «Հայրենադարձ» թաղամաս, «Շ․ Ի․ Ն․ Գ․ Ը․» ՍՊԸ, «Մինդա» ՍՊԸ, «Մարդանց» ՍՊԸ, «Ալմաքար» ՍՊԸ, «Երևան Լադա», «Կոմպիմետալ», «Սյունիք», «Արման Փեշտիմադյան» ոչ բնակիչ-բաժանորդներ,

11։00-17։00 Աբովյան քաղաք՝ կենտրոնական շուկայի տարածք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Առինջ գյուղ՝ «Մ․ Մկրտչյան», «Խ․ Աբովյան» և «Վ. Տերյան» թաղամասեր, Ջրվեժ գյուղ, Նորգյուղ գյուղ մասնակի, «Ապաչի» գործարան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արզնի գյուղ մասնակի,

Գեղարքունիքի մարզ՝

11։00-16։50 Արեգունի, Դարանակ, Փամբակ, Ծափաթաղ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Շիկավարս» ՍՊԸ, «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ՍՊԸ, «Վիվա Արմենիա», «Տելեկոմ Արմենիա» և «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ,

12։00-14։00 Գավառ քաղաք մասնակի, Գեղարքունիքի Մարզպետարան, Ազգային անվտանգության ծառայություն, քննչական կոմիտե, Գավառի շուկա, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ, «Գավառի մարզադպրոց» ՀՈԱԿ, Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոն, «ԱԿԲԱ բանկ» ԲԲԸ, «Արա Նանե» ՍՊԸ, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ, Գավառի Ոստիկանություն, Դատարան, Գեղարքունիքի մարզային ոստիկանություն, Գավառի պետական բժշկական քոլեջ, Գավառի Զինկոմիսարիատ, «Քյավառ» հեռուստաընկերություն, Արաբկիր բժշկական համալիր Գավառի մասնաճյուղ, Բոշնաղյան, Սայադյան, Նալբանդյան, Սայաթ-Նովայի և Ազատության փողոցներ մասնակի,

12։00-15։00 Անտառամեջ, Ձորավանք, Դպրաբակ, Այգուտ, Կալավան և Բարեպատ գյուղեր,

Տավուշի մարզ՝

11:00-14:00 Իջևանի տարածաշրջան՝ Կայանավան, Այգեհովիտ, Վազաշեն գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բերդի տարածաշրջան՝ Այգեձոր գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-15:00Դիլիջան համայնք՝ Օրջոնիկիձեի և Ուսանողական փողոցներ, Թբիլիսյան խճուղի և Մյասնիկյան փողոց մասնակի,

Շիրակի մարզ՝

10:00-14:00 Անիի տարածաշրջան, Մարալիկ քաղաք՝ Համայնքապետարանի շենք, թիվ 1 և թիվ 2 դպրոցներ, Աբովյան, Կոլտնտեսականների, Շահինյան, Շահումյան, Ձերժինսկի և Մադաթյան փողոցներ,

14:00-17:00 Անիի տարածաշրջանի, Լանջիկ, Ձիթհանքով, Քարաբերդ գյուղեր և Մարալիկ քաղաք՝ Թումանյան փողոց,

Սյունիքի մարզ՝

09:00-15:00 գյուղ Քաջարան:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:


Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

$
0
0

2025 թվականի հունվարի 28-ին Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարություն է հրավիրվել Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։

Հանդիպման ընթացքում նշվել է, որ ռուսական մամուլում Ադրբեջանի վերաբերյալ, այդ թվում՝ Ռուսաստանի պաշտոնական որոշ շրջանակներից, ապատեղեկատվական հաղորդագրությունների և նյութերի հրապարակումը թյուրիմացություն է առաջացրել, ինչը հակասում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի բովանդակությանը և ոգուն։

Ամրակից գյուղի սարի վրա հրդեհ է բռնկվել

$
0
0

Հունվարի 28-ին, ժամը 19:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ամրակից գյուղի սարի վրա հրդեհ է նկատվում։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:23-ին, մարվել՝ 21։53-ին։ Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ. հրշեջ-փրկարարները հրդեհաշիջում են իրականացրել մոտ 10 հա տարածքում։

Հարավային Սուդանում ինքնաթիռ է կործանվել․ 18 զոհ կա

$
0
0

Հարավային Սուդանում ինքնաթիռ է կործանվել, որում եղել է 21 մարդ։ Վթարի հետևանքով զոհվել է 18 մարդ, այդ թվում՝ երկու օդաչու, ևս երեքը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, հայտնում է South Sudan Eagles Media տեղական լրատվամիջոցը։

«Օդանավը վթարի է ենթարկվել Յունիթի նավթահանքից օդ բարձրանալիս»,-նշում է աղբյուրը։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

ՍԴ-ն՝ Վահե Գրիգորյանին՝ ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ընտրելու մասին

$
0
0

2025 թվականի հունվարի 28-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի փոխնախագահ պրն․ Վ․ Գրիգորյանին ընտրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավոր` 9 տարի պաշտոնավարման ժամկետով։ Այս մասին հայտնում են Սահմանադրական դատարանից։

Նրա պաշտոնավարումը պետք է մեկնարկի ընտրվելու պահից երեք ամսվա ընթացքում։

Մինչ ՄԻԵԴ դատավորի լիազորությունների ստանձնումը պրն․ Գրիգորյանի պաշտոնավարումը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում կշարունակվի մինչև նրա լիազորությունների՝ Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով դադարման պահը։

ՌԴ-ում քրեական հետապնդում է հարուցվել բլոգեր Արսեն Մարկարյանի նկատմամբ

$
0
0

Մոսկվայի դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել բլոգեր Արսեն Մարկարյանի նկատմամբ՝ ահաբեկչությունն արդարացնելու գործով։ Այս մասին հայտնում է Осторожно, новости-ն։

Գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում է, որ հարցազրույցներում և հայտարարություններում Մարկարյանն իբր կոչ է արել հարձակվել Ռուսաստանի վրա՝ անօդաչու սարքերի միջոցով։

Մարկարյանի վերաբերյալ քննչական նյութերը փոխանցվել են Քննչական կոմիտե։ Նրան սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում։

Ձեռնարկատիրական գործունեություն 17 տարեկանում, ուսուցչի աշխատանք սահմանամերձ գյուղում․ շարունակվում է Արմեն Սաքապետոյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նիստը

$
0
0

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում շարունակվեց ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Արմեն Սաքապետոյանի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նախնական դատական նիստը, որ նախագահում է դատավոր Լիլի Դրմեյանը։

Գլխավոր դատախազությունը Արմեն Սաքապետոյանից և նրան փոխկապակցված անձանցից պահանջում է հօգուտ ՀՀ-ի բռնագանձել․

  1. Երևան, Արաբկիր, Գ․ Սունդուկյան փ 15-2 բնակարանը,
  2. Երևան, Դավթաշեն, Սասնա Ծռեր փողոց, 3 շենքի բնակարանը,
  3. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Կ․ Ուլնեցու փ․, 58/20 շենքի բնակարանը,
  4. Երևան, Աջափնյակ, Հալաբյան փ․, 75/1 շենքի բնակարանը,
  5. Կոտայք, Ծաղկաձոր, ք․ Օլիմպավան փողոց 14 հասցեում գտնվող անշարժ գույքը,
  6. LAND ROVER DEFENDER SE 3.0 մակնիշի մեքենան,
  7. Արմեն Ասլանյանին տրամադրված փոխառության չվերադարձված մասի՝ 8 միլիոն 800 հազար դրամի ապօրինի մասի՝ 4 միլիոն 500 հազար դրամի պահանջի իրավունքը,
  8. Արմեն Տեր-Տաճատյանին տրամադրված փոխառության չվերադարձված մասի՝ 20 միլիոն 900 հազար դրամի ապօրինի մասի՝ 192 միլիոն 829 հազար դրամ պահանջի իրավունքը,
  9. Էդգար Եգանյանին տրամադրված փոխառության չվերադարձված մասի՝ 4 միլիոն դրամի ապօրինի մասի՝ 2 միլիոն դրամի պահանջի իրավունքը,
  10. Արտակ Անդրեասյանին տրամադրված փոխառության չվերադարձված մասի՝ 113 միլիոն 700 հազար դրամի ապօրինի մասի՝ 46 071 268 ՀՀ դրամի պահանջի իրավունքը,
  11. «Յերրա» ՍՊԸ-ին տրամադրված փոխառության չվերադարձված մասի՝ 995 միլիոն 167 հազար 207 դրամի ապօրինի մասի ՝ 18 025 198 ՀՀ դրամի պահանջի իրավունքը,
  12. «1Էսքյու ագրո» ՍՊԸ-ին տրամադրված փոխառության չվերադարձված մասի՝ 47 միլիոն 90 հազար դրամի ապօրինի մասի՝ 1 808 222 ՀՀ դրամի պահանջի իրավունքը,
  13. «Ալմոնդ ագրո» ՓԲԸ-ին տրամադրված փոխառության չվերադարձված մասի՝ 1 միլիոն 500 հազար դրամի ապօրինի մասի՝ 1 413 512 ՀՀ դրամի պահանջի իրավունքը,
  14. «Բեսթ Փրոփերթիս» ՍՊԸ-ին տրամադրված փոխառության չվերադարձված մասի՝ 105 միլիոն 942 հազար 592 դրամի ապօրինի մասի՝ 64 917 015 ՀՀ դրամի պահանջի իրավունքը,
  15. «Իմմոբիլիեր» ՍՊԸ-ին տրամադրված փոխառության չվերադարձված մասի՝ 60 միլիոն 620 հազար 380 դրամի ապօրինի մասի՝ 3 150 000 ՀՀ դրամ պահանջի իրավունքը,
  16. «Արմենիակ» ՍՊԸ-ին տրամադրված փոխառության չվերադարձված մասի՝ 25 000 ՀՀ դրամի ապօրինի մասի՝ 25 000 ՀՀ դրամի պահանջի իրավունքը,
  17. «Գևորգ Մառա» ՍՊԸ-ին տրամադրված փոխառության չվերադարձված մասի՝ 18 միլիոն դրամի ապօրինի մասի՝ 7 508 064 ՀՀ դրամի պահանջի իրավունք,
  18. «Կարապի լիճ» ՍՊԸ-ին տրամադրված փոխառության չվերադարձված մասի՝ 700 000 ՀՀ դրամի ապօրինի մասի՝ 525 068 ՀՀ դրամի պահանջի իրավունքը,
  19. «Պարկ Դիվելոփմենթ» ՍՊԸ-ին տրամադրված փոխառության չվերադարձված մասի՝ 25 միլիոն դրամի ապօրինի մասի՝ 7 746 107 ՀՀ դրամի պահանջի իրավունքը,
  20. «Ս․Թ․Ջեյքոբ» ՍՊԸ-ին տրամադրված փոխառության չվերադարձված մասի՝ 7 միլիոն 935 հազար դրամի ապօրինի մասի՝ 2 421 146 ՀՀ դրամի պահանջի իրավունքը,

Արեգ Սաքապետոյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել «Ալմոնդ Ագրո» ՓԲԸ 652 հազար 681 հատ բաժնետոմսերը,

Հայկ Սաքապետոյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել.

  1. HONDA ENP մակնիշի մեքենան,
  2. LEXUS IS 250 մակնիշի մեքենան,

Արմեն Սաքապետոյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել.

  1. 136 միլիոն 604 հազար 398 դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,
  2. 923 միլիոն 509 հազար 183 դրամի չափով գումար, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողիի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս գործով պատասխանող կողմը ներկայացված ապացույցների վերաբերյալ հարցեր ուղղեց հայցվորին։

Նիստի սկզբում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Նելլի Տեր-Թորոսյանը հայտնեց, որ հայցադիմումի մեջ առկա «Ալմոնդ ագրո» ՓԲԸ-ի հետ կապված վերահաշվարկ է իրականացվելու, սակայն դրա վերաբերյալ միջնորդություն կներկայացվի ավելի ուշ։

Արմեն Սաքապետոյանը հայցվորին առաջին հարցն ուղղեց, որը վերաբերում էր 1998 թվականին և դրան նախորդող 1997 թվականին ZAZ 11 02 ավտոմեքենայի, ինչպես նաև այդ ընթացքում VAZ 21 00 ավտոմեքենայի առքուվաճառքին։

Նա նշեց, որ վերջին ավտոմեքենայի վերաբերյալ իրավասու մարմնին ներկայացրել է ձեռքի տակ առկա ապացույցները, որոնց մեջ ներառված են եղել վաճառքի փաստաթղթերը․ «Ստացվում է մի իրավիճակ, որ իմ կողմից ներկայացված ապացույցը մեկնաբանվել է ի վնաս ինձ, մասնավորապես, ավտոմեքենայի առքուվաճառքից գոյացող գումարը դիտվել է ապօրինի այն պատճառաբանությամբ, որ առկա չեն ավտոմեքենայի ձեռքբերման հիմք հանդիսացող ապացույցներ․ ես կխնդրեմ մեթոդական առումով սա մեկնաբանեք»։

Հայցվորի ներկայացուցիչ Նելլի Տեր-Թորոսյանը պատասխանեց՝ քանի որ գույքի ձեռքբերման արժեքը չի պահպանվել, իրավասու մարմինը դրա օրինականության վերաբերյալ վերջնական դատողություն չի կարող անել․ «Հաշվի առնելով գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը՝ գույքի օտարումից ստացված եկամուտը ապօրինի է դիտվել, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ դա օտարել եք 500 հազար դրամով, ենթադրաբար, դրանից ավելի շատ արժեքով պիտի, որ ձեռք բերած լինեիք, իսկ համապատասխան տարեթվին այդչափ օրինական եկամուտ չունեիք»։

Պատասխանող Արմեն Սաքապետոյանի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը ճշտեց՝ եթե այդ տվյալը չներկայացվեր, հաշվարկի մեջ արդյո՞ք 500 հազար դրամը պակաս էր լինելու, դատախազն ասաց՝ ենթադրաբար այո,  կան այլ ապացույցներ, որոնք հօգուտ պատասխանողի են ներկայացվել, իսկ այս ապացույցն ի վնաս է հաշվարկվել, քանի որ այդ ընթացքում բավարար օրինական եկամուտներ չեն եղել։

Արմեն Սաքապետոյանը նաև նշեց, որ այլ գործերով իրավասու մարմնի կողմից կա այնպիսի մոտեցում, երբ ուսումնասիրվող ժամանակահատվածի նախորդող ժամանակահատվածում հայտնի են դառնում ապօրինի եկամուտ կամ գույք, ապա դա չի մասնակցում հաշվարկին, հարցրեց՝ ինչով է պայմանավորված իրավասու մարմնի՝ միևնույն իրավիճակում տարբեր մոտեցումներ ցուցաբերելը։

Դատախազը պատասխանեց՝ իր վարույթում գտնվող գործերով նման գործարքների պարագայում ուսումնասիրվող և ապացույցների հավաքման ժամանակահատվածները չեն համընկնում, և իրավասու մարմինն, այնուամենայնիվ, գնահատական է տալիս ուսումնասիրվող ժամանակահատվածի նախորդող ժամանակահատվածում կատարված գործարքների մասով։

«Ուսումնասիրության ժամանակահատվածը սահմանափակում չունի, խոսքը ուսումնասիրող ժամանակահատվածի մասին է, որի ընթացքում ձեռք բերված գույքը ենթակա է բռնագանձման, այո՛, անսահմանափակ է եղել այդ ժամանակահատվածը, և մինչև ուսումնասիրվող նոր ժամանակահատվածը սահմանված գույքային ձեռքբերումներին իրավասու մարմինը հասանելիություն է ունեցել, եթե գույքն օրինական է եղել, եկամուտներն օրինական են հաշվարկվել, եթե ապօրինի է եղել, ուրեմն՝ ապօրինի։ 2007-ից առաջ համապատասխան գույքային ձեռքբերումերի ցանկին իրավասու մարմինը ծանոթացել և իրավական գնահատական է տվել»,-ասաց Նելլի Տեր-Թորոսյանը։

Արմեն Հարությունյանը նշեց՝ կա ժամանակահատված, գույքերը պետք է բացառապես դրան վերաբերեն․ «Եթե ուսումնասիրվող ժամանակահատվածից դուրս ապօրինի գույքի մասին է խոսքը, օրենքն արգելում է այդ գույքի նկատմամբ որոշակի պահանջներ ներկայացնելը»։

Նախագահող դատավոր Լիլի Դրմեյանը հայցվորից ճշտեց՝ երբ է արձանագրվել տրանսպորտային միջոցների օտարումից դրամական միջոցների ստացումը, հայցվորն ասաց՝ 2004 թվականին, իսկ ուսումնասիրվող ժամանակահատվածը 2007 թվականն է։

Հարցին, թե հայցի առարկայում տրանսպորտային միջոցի օտարումից ստացված դրամական միջոց որևէ ձևով ներառված է, թե ոչ, դատախազն ասաց՝ 500 հազար դրամը փոխակերպվել է, տարածվել է մյուս գույքային ձեռքբերումների մեջ, դատավորը նաև հարցրեց՝ այն փոխակերպվել է այլ գույքի, որի վերաբերյալ հայցի առարկայում բռնագանձման պահանջ կա, թե ոչ, դատախազը ասաց՝ այո, ներառվել է։

Արմեն Սաքապետոյանի մյուս հարցը վերաբերում էր 1999-2000 թվականներին Նռնաձորի դպրոցում իր՝ որպես ուսուցիչ աշխատելու (1 տարի և մի քանի ամիս) և աշխատավարձ ստանալու ժամանակահատվածին։ Հետաքրքրվեց՝ ինչպես է աշխատավարձը հաշվարկվել, ու արդյոք առկա վիճակագրությամբ նշվել են նաև հեռավոր սահմանամերձ գյուղում աշխատողներին տրվող հավելավճարները։

ԳԴ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության տնտեսագետ Կառլեն Ափինյանը հայտնեց՝ Վիճակագրական կոմիտեից միջին աշխատավարձին վերաբերելի տեղեկատվություն կա պետական և ոչ պետական սեկտորից, այդ տվյալներն են օգտագործվել։

Նելլի Տեր-Թորոսյանը հստակեցրեց․ «Մենք ներկայացրել ենք Վիճակագրական կոմիտեի կողմից նվազագույն աշխատավարձի վերաբերյալ տվյալ 2 հիմքով՝ պետական և մասնավոր սեկտորում,  ստացել ենք աշխատավարձի տվյալները․ ինչո՞ւ ենք դա հիմք ընդունել, որովհետև 2004-2012 թվականների մասով տեղեկատվությունը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է տալիս, 2013-ից հետո՝ ՊԵԿ-ը, մինչ այդ կատարված աշխատանքային գործունեության վերաբերյալ տվյալները, եթե պարզում ենք, արդեն համապատասխանաբար Վիճակագրական կոմիտեի կողմից ներկայացված տվյալներն ենք հիմք ընդունել, եթե անձը փաստացի տեղեկատվություն չի տրամադրում»։

Արմեն Սաքապետոյանի մյուս ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը հարցրեց՝ հավանական եկամուտների առկայություն կամ բացակայություն դիտարկվել է, թե ոչ, հայցվորը պատասխանեց՝ հաստատված են համարել այն փաստը, որ անձն այդ տարիներին աշխատել է, ստացված եկամուտը հաշվարկվել է Վիճակագրական կոմիտեից տրված տվյալների հիման վրա։

Նա ընդգծեց, որ 50% հավելավճար ստանալու վերաբերյալ տվյալները կվերանայվեն, եթե կլինի համապատասխան իրավական ակտ, դրան ևս գնահատական կտրվի։

Արմեն Սաքապետոյանը ասաց, որ 1995 թվականին գրանցված է եղել որպես անհատ ձեռնարկատեր, զբաղվել է 2 գործունեությամբ, ունեցել է բենզինի կրպակներ, հարցրեց՝ ինչո՞ւ այստեղ հայցվորը չի առաջնորդվում նույն սկզբունքով, կիրառում Վիճակագրական կոմիտեից տրված միջին եկումտների տվյալները։

Նելլի Տեր-Թորոսյանը նշեց, որ միայն այն հանգամանքը, որ վերջինս գրանցված է եղել որպես անհատ ձեռնարկատեր, չի ենթադրում, որ նաև եկամուտ է ստացել․ «Եկամուտի ստացման վերաբերյալ պետք է լինեն համապատասխան տվյալներ, այսինքն՝ ներկայացնեք, որ աշխատանքային գործունեություն եք ծավալել, և մենք էլ դրանով առաջնորդվելով հասկանանք՝ Վիճակագրական կոմիտե ներկայացվող տվյալները հաշվարկելու ենք, թե ոչ»։

Սաքապետոյանը չհամաձայնեց հայցվորի ներկայացուցչի հետ, քանի որ նրա պնդմամբ այստեղ իրավական հիմքը հենց իր կողմից ԱՁ ունենալն է․ «Այնտեղ էլ (Նռնաձորի դպրոցում աշխատելը) է հայտնի՝ ինչքան եմ ստացել, ստեղ էլ, այնտեղ դնում ենք միջին վիճակագրական, ստեղ չենք դնում, ԱՁ-ն այն իրավական կարգավիճակն է, որը հավասարեցվում է աշխատանքային պայմանագրին»։

Հայցվորի ներկայացուցիչն ասաց՝ միջին եկամուտների վերաբերյալ տվյալը տրվում է աշխատավարձերի մասով, ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ տեղեկատվություն չի տրամադրվում։

Փաստաբան Վարազդատ Ասատրյանն ի պատասխան հայցվորի՝ ասաց, որ այդ հարցը պետք է գնահատականի արժանանա,  իրավասու մարմնի կողմից դիրքորոշման վերանայման խնդիր կարող է առաջանալ։

Դատախազն արձանագրեց հետևյալը․ «Ենթադրվում է, որ անձը նաև կատարել է ծախս, այսինքն՝ մենք բենզալցակայանի մասին ենք խոսում, դա ենթադրում է որոշակի տարածքի վարձակալում, տեխնիկական սարքավորումների տեղադրում, աշխատողների առկայություն, միայն այն հանգամանքը, որ անձը ունեցել է ԱՁ և իրավասու մարմինը պարտավոր էր ինչ-որ եկամուտ հաշվել, նախ ո՞ր եկամուտի մասին է խոսքը, եթե Վիճակագրական կոմիտեն այդ ժամանակ աշխատավարձի տվյալ է տալիս՝ պետական և մասնավոր սեկտորները հաշվի առնելով, և եթե այդպես է, ապա որո՞նք են այն ծախսային ուղղությունները, որ իրավասու մարմինը պետք է պարզի և համապատասխան շահույթը, որն անձն ունեցել է, որպես եկամուտ հաշվի»։

Վարազդատ Ասատրյանը հակադարձեց․ «Հիմքերը լրացուցիչ կներկայացնենք, որ մեր կամքից անկախ, բնականաբար, չեն պահպանվել, Արմեն Սաքապետոյանը լինելով 17 տարեկան տղա, չպիտի ենթադրեր, որ 30 տարի հետո իրեն պետք է գալու, այսինքն՝ այստեղ փաստաթղթերի պահպանման օբյեկտիվ անհրաժեշտություն չի եղել։ Ի վերջո, պետության մեջ բոլոր ձեռնարկատերերը եկամուտ չեն հետապնդել, այդ մեթոդաբանությունը, հավանականությունը գլոբալ խնդիր է, պիտի իրավասու մարմինն այդ մոտեցումը վերանայի»։

Այս նիստին պատասխանող կողմը այլ հարցեր ևս ուղղեց ներկայացված ապացույցների վերաբերյալ։

Գործով հաջորդ նախնական դատական նիստը տեղի կունենա փետրվարի 3-ին։

Մարիամ Շահնազարյան

Ծովինար Բարսեղյանը կազատվի փոխվարչապետի խորհրդականի պաշտոնից

$
0
0

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր՝ հունվարի 29-ին, որոշում է ստորագրել, որով խորհրդականին ազատել է պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝

Ծովինար Բարսեղյանին 2025 թվականի հունվարի 31-ից ազատել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդականի պաշտոնից»,-նշվում է որոշման մեջ։

Նշենք՝ Բարսեղյանն այս պաշտոնում նշանակվել է 2023թ.-ի օգոստոսի 21-ին։


15-ամյա պատանին վիճաբանել է 33-ամյա համաքաղաքացու հետ, ծեծի ենթարկել նրան․ վերջինս ընկել է ապակու կտորների վրա

$
0
0

Հունվարի 18-ի ժամը 23.55-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի շենքերից մեկի շքամուտքից մարմնական վնասվածքներով «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու, ով ի վիճակի չի եղել հայտնելու անձնական տվյալներն ու վնասվածքներ ստանալու հանգամանքը, հայտնում են ոստիկանությունից։

Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները պարզել են քաղաքացու ինքնությունը:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արդյունք տվեցին հունվարի 27-ին: Պարզվել է, որ հունվարի 18-ի ժամը 22-ի սահմաններում 15-ամյա պատանին անձնական հարցերի շուրջ վիճաբանել է 33-ամյա համաքաղաքացու հետ և ծեծի ենթարկել նրան, ինչի հետևանքով վերջինս ընկել է ապակու կտորների վրա՝ ստանալով մարմնական վնասվածքներ:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեղի է ունեցել ԱԽ նիստ

$
0
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:

Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նիստի ընթացքում քննարկվել են Անվտանգության խորհրդի իրավասությանը վերաբերող հարցեր:

Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կժամանի Հայաստան

$
0
0

Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կժամանի Հայաստան։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը հունվարի 30-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն:

Նախ տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետև երկու երկրների վարչապետների գլխավորությամբ կկայանա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:

Team-ը` Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի հովանավոր

$
0
0

Ջերմուկը պատրաստվում է հյուրընկալել համահայկական ամենամասշտաբային սպորտային իրադարձության՝ Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ավելի քան 1300 մարզիկներին աշխարհի 19 երկրից։ 

Թիմային սպորտաձևերի զարգացմանն ու հայանպաստ ծրագրերի իրականացմանն աջակցելու նպատակով Team Telecom Armenia-ն արդեն երկրորդ անգամ միացել է այս նախաձեռնությանը որպես հովանավոր։

«Համահայկական ձմեռային խաղերին աջակցությունը մեզ համար ավելին է, քան պարզապես գործընկերությունը։ Սպորտի միջոցով մենք ստեղծում ենք կամուրջ՝ նպաստելով Հայաստանի ու սփյուռքի հազարավոր հայերի համախմբմանը, նոր կապերի ստեղծմանն ու համագործակցությանը»,-նշում է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Մրցաշարերը անցկացվելու են փետրվարի 1-ից 7-ը։ Լավագույնի կոչմանն արժանանալու համար մարզիկները պայքարելու են հոկեյի, դահուկավազքի, լեռնադահուկային սպորտի ու սնոուբորդի, շախմատի, ինչպես նաև սպորտային պարերի և ձնամարտի մարզաձևերում: 

Համահայկական խաղերն անցկացվում են օլիմպիական սկզբունքով՝ 4 տարին մեկ անգամ։ Առաջին անգամ Համահայկական խաղերն անցկացվել են 1999 թվականին` Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման նպատակով:

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։ Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։

Արդարացումների ժամանակն ավարտվել է, Փաշինյանը պետք է հեռանա․ Վարդան Օսկանյան

$
0
0

Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը որպես Հայաստանի ղեկավար այլ բառով, քան ազգային աղետ, դժվար է նկարագրել։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

«Վեց տարվա ընթացքում նրա ամբարտավան ոչ կոմպետենտությունը և քաղաքական կարճատեսությունը հպարտ ազգից թողել են նվաստացված ստվերը։ Նրա կառավարման ընթացքում Հայաստանը կրել է իր արդի պատմության ամենակործանարար պարտությունը՝ Արցախի լիակատար կորուստ, հայ բնակչության տեղահանություն և հազարավոր զոհեր։ Սա ոչ միայն ռազմադաշտում ձախողման պատմություն է, այլ պարտություն մի ղեկավարի, որի ամբարտավանությունը, տգիտությունը և խելամիտ խորհուրդների անտեսումը երկիրը տարել են անդունդ։ Այսօր, երբ հայ պատանդները դեռ տառապում են Բաքվում, ինքնիշխան հայկական տարածքների մի մասը զիջված է, և նոր զիջումների պահանջներ են սպասվում, Փաշինյանը կորցրել է կառավարելու բարոյական և քաղաքական որևէ լեգիտիմություն։ Երկրի գոյատևումը պահանջում է նրա անհապաղ հեռացումը։

Փաշինյանի կառավարումը ռազմավարական կանխատեսման անկարողության աննախընթաց ցուցադրություն է։ Պաշտոնը ստանձնելու պահից ի վեր նա ցուցաբերել է վտանգավոր անտեղյակություն արտաքին քաղաքականության և ռազմական հարցերում։ Ի տարբերություն Հայաստանի նախկին ղեկավարների, որոնք տարածաշրջանային բարդությունները կառավարում էին զգուշությամբ և ռեալիզմով, Փաշինյանի մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հարցում եղել է անզգուշության «վարպետություն»։

Նրա սադրիչ հռետորաբանությունը օտարացրեց դաշնակիցներին ու խրախուսեց Ադրբեջանին սկսելու 2020-ի կործանարար պատերազմը։ Երբ անխուսափելի աղետը հարվածեց, նրա որոշումները՝ հանդուգն համառությամբ, այլ ոչ թե իմաստնությամբ, երաշխավորեցին մեր ջախջախիչ պարտությունը։ Նրա անձեռնհասության համար հինգ հազար հայ զինվոր վճարեց սեփական կյանքով, ևս տասը հազարը դարձավ վիրավոր՝ բեկված ապագայով։

Այս աղետից դասեր քաղելու փոխարեն, Փաշինյանը կրկնապատկեց իր սխալները։ Արժանապատվությամբ հրաժարականի փոխարեն նա կառչեց իշխանությանը՝ մերժելով պատասխանատվությունը։ Նրա կառավարությունը ներգրավվեց քավության նոխազներ որոնելու ցինիկ արշավի մեջ՝ մեղադրելով նախկին կառավարություններին, արտաքին դաշնակիցներին և նույնիսկ հայ ժողովրդին այն ձախողումների համար, որոնք ամբողջովին իրենն էին։ Բայց պատմությունը չի ստում։ Հենց նրա կառավարումն է, որ հանգեցրեց Արցախի լիակատար կորստին, 120,000 հայերի բռնագաղթին և Հայաստանի տարածքային ամբողջականության աննախադեպ քայքայմանը։

Նվաստացումը սրանով չի դադարում։ Փաշինյանի օրոք Հայաստանը վերածվել է վասալական պետության՝ մշտապես հարկադրված տարածքային, պատմական, սահմանադրական և դիվանագիտական լրացուցիչ զիջումներ կատարելու։ Նրա արտաքին քաղաքականությունը եղել է անկայուն և ինքնակործան՝ այրելով կամուրջները դաշնակիցների հետ՝ միաժամանակ չկարողանալով ապահովել այլընտրանքներ։ Նրա ձախողումները թողել են Հայաստանը մեկուսացած, խոցելի և հակառակորդների ողորմածության ներքո։ Նույնիսկ հիմա, երբ հայ բանտարկյալները ադրբեջանական բանտում են, նրա կառավարությունը չունի կամք կամ իրավասություն՝ պայքարելու նրանց ազատ արձակման համար։

Ամենաամոթալին թերևս այն է, որ Փաշինյանը վերջերս Հայոց ցեղասպանության ժխտողականանության ապշեցուցիչ մեկնաբանություններ արեց՝ անհասկանալի դավաճանություն սեփական ազգի պատմության հանդեպ։ Հայաստանի ղեկավարի կողմից հայ ժողովրդի ամենամեծ ողբերգության նվաստացումը և խեղաթյուրումը անընդունելի է։ Սա ծայրահեղ վիրավորանք է մի երկրի համար, որն արդեն չափազանց մեծ գին է վճարել նրա աղետալի ձախողումների համար։

Բայցևայնպես, Փաշինյանը դեռ պաշտպաններ ունի, որոնք լավ գիտեն, որ նրա հռետորաբանությունն ու գործողությունները պաշտպանելի չեն։ Առաջնորդվելով անձնական և միգուցե նյութական շահերով՝ նրանք փորձում են գտնել նուրբ և ծուռումուռ լեզու և միջոցներ՝ նրան արդարացնելու համար։ Այդ անհատները հավասարապես վտանգավոր են, քանի որ նրանք հնարավոր են դարձնում Փաշինյանի կործանարար քաղաքականությունը և խոչընդոտում ազգի առաջընթացը։ Նրանց արդարացումների դեմը պետք է առնել և դրանք ի ցույց դնել։

Փաշինյանի հետագա պաշտոնավարումը ոչ միայն քաղաքական խնդիր է, այլ ազգային արտակարգ իրավիճակ։ Նրա ղեկավարումը եղել է անդադար նվաստացման, պարտության և անկման ժամանակաշրջան։ Նա կառավարում է ոչ թե որպես ղեկավար, այլ որպես մարդ, որը հուսահատ կառչած է իշխանությանը՝ որոշումներ կայացնելով ինքնապահպանման, այլ ոչ թե ազգային շահի հիման վրա։ Հայաստանը այլևս չի կարող դիմանալ նրա ձախողումներին։ Որքան երկար նա մնա պաշտոնում, այնքան մեծ վնաս կհասցնի։ Արդարացումների ժամանակն ավարտվել է։ Փաշինյանը պետք է հեռանա՝ հանուն Հայաստանի արժանապատվության, անվտանգության և ապագայի»,-նշել է նա։

Viewing all 39682 articles
Browse latest View live